Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը
Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը, ինչպես սեփական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար, նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատերազմի տարելիցի կապակցությամբ:
Դեսպանատնն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը: Ընդգծվել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ հայ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա, ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերի:
«Որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք աջակցել: Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ բանտարկյալների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը», - ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվել է նաև, որ ռուսական կողմն անմիջական մասնակցություն ունի տարածաշրջանի խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակմանը:
«Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: