Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ. Քոչարյանն իր լուծումն առաջարկեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ էլ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ընդդիմությունը պետք է կողմնորոշվի։

«Մենք ԱԺ կանոնակարգ օրենքը չենք խախտում։ Ես ուզում եմ նման առաջարկ անել` եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուն առաջադրվի և չընտրվի, ապա մեր խմբակցությանը կառաջարկենք օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ըստ այդ փոփոխության կառաջարկեն, որ եթե նույն անձը 2 անգամ չի ընտրվում, ապա պետք է նոր թեկնածու առաջադրեն։

Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունն իրավունք չունի ասել` այս թեկնածուին սիրում եմ կամ չեմ սիրում` պարտավոր են հարգել ընդդիմության որոշումը։ Իսկ հրաժարվել այդ հանձնաժողովում անդամ ունենալուց, նշանակում է` այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին, 13-ին և 22-ին։