Ո՞Վ ԿԽԻԶԱԽԻ ՔՆՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ

Փաշինյանն ամեն անգամ հիվանդագին նոպաների մեջ է ընկնում, երբ փորձում ես նույնիսկ ակնարկել պատերազմի դավադիր ընթացքի կամ ծրագրված դավաճանության մասին։ Մինչդեռ նման վարկածներ առաջ քաշելու համար վերջին մեկ տարում առավել քան բավարար հիմքեր են կուտակվել, որոնք կարոտ են հետաքննության։ Փաշինյանի արդարացումներից տպավորությունն այն է, թե մենք ոչ թե ինքնապաշտպանության և գոյության կռիվ ենք վարել, այլ պատերազմի մեջ ենք ներքաշվել մեղքի զգացումով՝ իբրև ագրեսոր։

Առայսօր պաշտոնապես հերքված չեն Փաշինյանին ներկայացված ծանրակշիռ հրապարակային մեղադրանքները՝ Արցախի հանձնման դիմաց 5 մլրդ դոլարի կաշառք վերցնելու դրվագով։ Սա պետք է հիշեցնել ամեն անգամ, երբ նա խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ սկսում է պատերազմի մասին իրեն բնորոշ մոլորեցումներով զբաղվել։ Իհարկե, ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը չունեն բավարար համարձակություն, անգամ ունակություն՝ պատշաճ քննություն ապահովելու և Փաշինյանի նկատմամբ քրեադատավարական ընթացակարգ սկսելու։

Գլխավոր դատախազը հավանաբար մոռացել է, որ ի տարբերություն նախագահի կամ պատգամավորի՝ վարչապետն օժտված չէ անձեռնմխելիությամբ, և նրան ձերբակալելու համար որևէ մեկը չպետք է թույլտվություն տա։ Մինչդեռ հանցադրվագների մի ամբողջ փունջ կարելի է առանձնացնել Փաշինյանի գործողություններում՝ իշխանության յուրացում, բռնության քարոզ, պաշտոնեական դիրքի չարաշահում, միջամտություն արդարադատության իրականացմանը, և այլն, և այլն։

Իհարկե, ոստիկանները, քննիչները, դատախազները ևս այս երկրի քաղաքացիներն են, և դժվար է պատկերացնելը, որ նրանց սիրտը բացարձակ չի ցավում հայրենիքի համար։ Բայց առայժմ, ցավոք, անձնական շահը պետականից վեր դասող հատուկենտ սպաներ են գտնվել, և նրանց օրինակը համընդհանուր տարածում չի գտել։ Պետք է շարունակաբար հիշեցնել, որ Քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ակնհայտ անօրինական հրամանի կատարումը չի ազատում պատասխանատվությունից։ Հետևաբար՝ անպայման գալու է իշխանազավթի ապօրինություններին մասնակցած բոլոր, նույնիսկ միջինից ցածր օղակի իրավապահների պատասխան տալու ժամանակը։

Եթե դավաճանություն չէ, ապա ի՞նչ է այն գործելակերպը, երբ պատերազմից հետո իշխանությունը կամովին թշնամուն է հանձնել տասնյակ դիրքեր ու հենակետեր, որոնք Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ իր զինուժով նվաճել։ Ապագա անխուսափելի պատերազմն, այդպիսով, հայկական կողմի համար սարսափելի աննպաստ պայմաններում է սկսվելու, երբ բոլոր ռազմավարական բարձունքները հանձնված են թշնամուն։ Մի՞թե դավաճանություն չէ այն, որ պատերազմի ընթացքում մի շարք զենքեր անհասկանալի պատճառաբանությամբ այդպես էլ դուրս չբերվեցին զինանոցներից, կարևորագույն ուղղություններում նահանջի անընդունելի հրամաններ էին տրվում։

Այսօր քչերն են հիշում, որ պատերազմից հետո մեր զինվորների հերթական խմբի գերեվարման դեպքի առնչությամբ մեր ՊՆ-ն հրապարակային պարզաբանում էր ակնկալում Արցախի ՊԲ-ից։ Ահա թե հայկական պետությունների ռազմական կառույցների օտարվածության ինչ նշաձող էր սահմանվել։ Եվ այսօր, պարտության ռազմաքաղաքական բեռը բացարձակ չհաղթահարած, թշնամու հետ սահմանազատում ենք իրականացնում։ Սա այն դեպքում, երբ սահմանագծման մասին համաձայնագրերը ամենադժվար փոփոխվող միջազգային փաստաթղթերն են։ Միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն՝ եթե երկու երկիր համատեղ սահման են որոշում, դրանից հետո այն փոխել գրեթե անհնար է։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին ծավալուն քրեական գործի թեմա է՝ արժանի պատշաճ քննության և մեղադրյալների դատապարտման։