ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար, ասվում է ԵԱՀԿ կայքում։
Վրաստանում նախարար Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։
Ադրբեջան այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ուղևորությունը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը, տեղեկացնում է News.am-ը։