ՓՈԽԶԻՋՈՒՄ՝ ԵՄ-Ի ՎԱՐԿԱԾՈՎ

Մենք միջնորդ ենք, մենք չենք խորանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Այդ բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջև է, բայց այստեղ պետք է լինի նաև փոխզիջում։ Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է ապրիլին»,-հավելել է Վիկտորինը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում այս կյանքում, իսկ գուցեև աշխարհը խելագարվել է: Ահավասիկ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպես է դա սկզբունքորեն հնարավոր, որ չխորանալով երկու կողմերի բանակցությունների բովանդակության մեջ, երրորդ կողմը կարողանա նկատել փոխզիջումների առկայությունը կամ բացակայությունը։ Բացի այդ, եթե դու հավակնում ես նորմալ, ազնիվ, անկողմնակալ միջնորդի դերին, ապա ինչպե՞ս կարող ես, չխորանալով վեճի էության մեջ, փորձել կարգավորել այն։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գանք հակառակ ծայրից. եթե դու չես խորանում բովանդակության մեջ, ուրեմն չես փորձում իրապես անաչառ օգնել կարգավորմանը և կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ Կամ... աշխարհը խելագարվել է։

Հատուկ ուշադրության են արժանի ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքերը ապրիլին Հայաստանի վարչապետի արած հայտարարության վերաբերյալ: Թե հատկապես ինչ է ենթադրվում Փաշինյանի ապրիլյան թեզերի տակ, դժվար է ասել, բայց կարելի է կռահել, որ խոսքը վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողը նվազեցնելու միջազգային հանրության նրա հնչեցրած պահանջին։ Որևէ այլ՝ «դարակազմիկ» բան, որն արժանի կլիներ միջազգային հանրության եվրամիութենական մասի բարձր գնահատականին, Փաշինյանը չի ասել։ Ահա ուրեմն, եթե ԵՄ-ն կողմ է փոխզիջումներին և այդ տեսանկյունից է գնահատում փաշինյանական հայտարարությունը, ապա տրամաբանական կլիներ «գնահատել» նաև Բաքվի դիրքորոշումը։ Չէ՞ որ փոխզիջումները սկզբունքորեն ենթադրում են փոխադարձություն։ Իսկ եթե փոխզիջումը միակողմանի է, ինչպես տվյալ դեպքում, ապա դա արդեն պարզապես զիջում է։ ԵՄ ներկայացուցչի կողմից ավելի ազնիվ կլիներ կոչել իրերն իրենց անուններով։

Ընդհանրապես, հայ-ադրբեջանական հաշտեցման ողջ գործընթացը վաղուց դուրս է եկել փոխադարձության ձևաչափից։ Մի հարցնող լինի, իսկ ինչ-որ մեկը տեղյա՞կ է, թե փոխադարձության սկզբունքով ինչ է արել Հայաստանն այն բանից հետո, երբ ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը զավթեցին ու խրամատավորվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Օրինակ, ԵՄ-ում, անտեսելով բովանդակությունը, «գիտե՞ն», որ Բաքվի այդպիսի ագրեսիվ զավթողական քաղաքականությունը դատապարտելի է։ Կրկին իսկ, անհարմար եմ զգում հարցնել, բայց ի՞նչ է ստացել Երևանը Բաքվից այն բանի դիմաց, որ բացել է իր օդային տարածքը Ադրբեջանից դեպի Նախիջևան թռիչքների համար։ Գուցե այն, որ հայ ռազմագերիներն առ այսօր տանջվո՞ւմ են ադրբեջանական բանտերում։ Կամ այն, որ Ալիևը «արգելո՞ւմ է» Հայաստանին բանակ ունենալ, ավելացնել բնակչության թիվը, համարել Երևանն իր մայրաքաղաքը, իսկ Սյունիքը՝ իր պատմական տարածքը։

Միջազգային հանրությունը և մասնավորապես ԵՄ-ն ինչքան ասես կարող են ողջունել ու աջակցել հայ-ադրբեջանական հաշտեցման գաղափարին, գնահատել Երևանի դիրքորոշումն ու գովերգել Հայաստանի գործող իշխանությանը՝ անվանելով նրա կապիտուլյանտությունը «ճկունություն»։ Բայց պետք չէ շփոթել հայկական իշխանության խոնարհվելու պատրաստակամությունը հայ ժողովրդի անկոտրում կամքի հետ։ Իսկ չշփոթելու համար պետք է երբեմն խորամուխ լինել հակասությունների բովանդակության մեջ, հարթել նրանք, որոնց հավակնում ես։ Համենայնդեպս հայտարարում ես, թե ուզում ես օգնել։ Ի դեպ, ի տարբերություն ԵՄ-ի, ռուսաստանյան միջնորդները շատ ավելի մեծ բարեխղճություն են ցուցաբերում՝ միշտ մնալով թեմայի շրջանակներում՝ և՛ բովանդակության, և՛ ձևի առումով։