ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ, կամ՝ ՈՎ-ՈՎ, ԲԱՅՑ ՆԱ ՊԻՏԻ ԼՌԻ

Շաբաթվա սկզբին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը, 44-օրյա պատերազմի արդյունքների «գլխավոր պատասխանատուների» և «գլխավոր մեղավորների» որոնման իրեն բնորոշ ոճով, կոնկրետ դժգոհություններ ներկայացրեց կազմակերպության հասցեին: Դրանք այս անգամ մի քանիսն էին։

Նախ, Փաշինյանը կշտամբեց ՀԱՊԿ-ին, որ մեկ տարի առաջ կազմակերպությունը քայլեր չի ձեռնարկել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը կանխելու ուղղությամբ:

«Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն այն մեխանիզմները, որոնք նախատեսված են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու կարգի մասին» դրույթով։ Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, թե կազմակերպությունն արձագանքել է այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց նա։

Ուղիղն ասենք, այս հարցում ՀԱՊԿ-ն իսկապես արժանի է նույնիսկ դատապարտման։ Առ այսօր ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները գտնվում են ոչ միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ զավթելով ավելի քան 40 քառակուսի կիլոմետր, այլև ներխուժել ու մնում են այդ թվում նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում: Ավելի քան մեկ տարի է կազմակերպությունը համակերպվում է այդ փաստի հետ, ինչին դժվար է գտնել թեկուզ մեկ տրամաբանական արդարացում։

Այլ բան է, որ անձամբ Փաշինյանը վերջին մարդն է աշխարհում, ով իրավունք ունի մեղադրել ՀԱՊԿ-ին այդ հարցում ցուցաբերած անգործության մեջ։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական Երևանը, Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ փաստացի ոչ մի անգամ կոշտ պահանջ չի ներկայացրել դուրս բերել ադրբեջանական ստորաբաժանումները մեր տարածքից, չի փորձել գոնե 40 քառակուսի կիլոմետրի դեօկուպացիայի պահանջ ներկայացնել՝ որպես հարաբերությունների կարգավորման պայման: Չենք խոսում արդեն այն մասին, որ ադրբեջանական ներխուժմանը ռազմական դիմադրություն Հայաստանի կողմից չի եղել։

Բացի այդ, ՀԱՊԿ-ին իներտության մեջ է մեղադրում նույն այն Փաշինյանը, որը ժամանակին (մեկ տարի առաջ՝ Սև լճի մերձակա տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ) ասում էր. «Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չենք սկսելու»։ Եվ ահավասիկ հիմա այդ անձնավորությունը՝ ադրբեջանական ագրեսիային դիմադրելուց Հայաստանի հրաժարման մեղավորը, դժգոհում է, որ ՀԱՊԿ-ը իր խնդիրը չի կատարել։ Ով-ով, բայց Փաշինյանը նման դժգոհություններ չպետք է ներկայացնի։

Երկրորդ, նա քննադատեց կազմակերպությանը 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած անհամարժեք արձագանքի համար, ինչպես նաև՝ այն բանի, որ երկար տարիներ ՀԱՊԿ-ը զենք է վաճառել Ադրբեջանին, և այդ զենքը պատերազմի ժամանակ օգտագործվել է ընդդեմ հայ ժողովրդի։

Այո, դա խնդիր է, այո, տասնամյակներ շարունակ պաշտոնական Երևանը բարձրացրել է այդ հարցն առնվազն Մոսկվայի առջև։ Պատասխանն անփոփոխ էր, «Ոչ մի անձնական բան, դա ընդամենը բիզնես է»: Բացի այդ, պաշտոնական Երևանին միշտ հիշեցրել են, որ Հայաստանն այդ հարցում զգալի առավելություններ ունի. ի տարբերություն նույն Ադրբեջանի՝ Երևանը սպառազինություն է ստանում (ՀԱՊԿ շրջանակներում) արտոնյալ, էապես ավելի ցածր գներով։ Իհարկե, երկու փաստարկներն էլ ՀՀ քաղաքացիների համար անմիջապես կորցնում են ուժը այն պահին, երբ այդ զենքը սկսում է կրակել մեզ վրա։ Բայց այստեղ կա ևս մեկ նրբություն։

Որտե՞ղ էին 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերը՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտոնյալ ձեռք բերված իրենց սպառազինությամբ: Ինչո՞ւ ՀՀ բանակը չգնաց կռվելու և պաշտպանելու Արցախը։ Պատասխանը մեկն է. այդպես էր որոշել գերագույն գլխավոր հրամանատարը։ Այո, ՀԱՊԿ-ն արժանի է քննադատության, մասնավորապես՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցով։ Բայց Նիկոլ Փաշինյանը վերջին մարդն է մոլորակի վրա, որը պիտի դժգոհություններ հնչեցնի։

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԵՐՐՈՐԴ։ Պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում հայ հասարակությունը միանգամայն արդարացիորեն սպասում էր ՀԱՊԿ-ի միջամտությանը։ Դրա համար կային բոլոր հիմքերը, ագրեսիայի էր ենթարկվում ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, որն ընդգրկված է կազմակերպության պատասխանատվության գոտում։ Բոլոր 44 օրերի ընթացքում հայ հասարակությունն ակնկալում էր իշխանություններից, որ օգնության խնդրանքով կդիմեն կազմակերպությանը։ Բայց պաշտոնական Երևանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին պատշաճ ընթացակարգով։ Մերթ ասում էին, թե դեռ ժամանակը չէ։ Մերթ թե՝ կդիմենք այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ օգնություն կցուցաբերվի։ Մի խոսքով, պաշտոնական դիմում չի եղել։

Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի վարչապետն այսօր վերջին մարդն է աշխարհում, որ կարող է դժգոհել պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի ոչ համարժեք արձագանքից…

Իրականում պարզ է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց մթագնել ՀԱՊԿ-ի մոսկվյան հոբելյանական գագաթնաժողովը իր «մուննաթներով»։ Դա խաղ էր հանդիսատեսի համար։ Արտաքին՝ արևմտյան, և ներքին արևմտամետ հանդիսատեսի։ Առաջին (արևմտյան) լսարանին պետք էր ցուցադրել իր օգտակարությունը՝ որպես հակադիր ուժ ՀԱՊԿ-ի ներսում։ Փաշինյանը կարող է յուրօրինակ տրոյական ձի լինել Մոսկվայի կողմից վերահսկվող անվտանգության համակարգում։ Ներկայիս աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի պարագայում ակներև է, որ այդպիսի ձին կարող է բավական մեծ պահանջարկ ունենալ արևմտյան տարբեր մայրաքաղաքների կողմից։

ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովում Փաշինյանի կազմակերպած ներկայացման երկրորդ հասցեատերը ներքին արևմտամետ և ռուսատյաց լսարանն է, որը, մի կողմից՝ գործող իշխանության միակ ներքաղաքական գործընկերն է, մյուս կողմից՝ ակնհայտորեն այնքան էլ գոհ չէ Մոսկվայի հետ Երևանի դաշնակցային հարաբերությունների շարունակումից։ Մանավանդ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում։

Իսկ ինչ վերաբերում է բուն ՀԱՊԿ-ին, ապա, կրկնեմ, Հայաստանի քաղաքացիները, առհասարակ հայ ժողովուրդը կազմակերպությանը կշտամբելու հիմքեր ունի։ Բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից վերջինն է, ով կարող է ընդհանրապես ինչ-որ բանում մեղադրել այդ կառույցին։ Այն Նիկոլ Փաշինյանը, որն իր վարչապետական գործունեությունը սկսեց ՀԱՊԿ-ի վարկաբեկումով՝ դրա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդմամբ։