Թեհրանը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Աբդոլլահիանը հանդիպել է Բայրամովին

Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ` խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, իրանցի նախարարը, մատնանշելով Հարավային Կովկասում փոփոխությունների և տեղաշարժերի մասին հաշվետվություններն ու վկայությունները, ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անընդունելիության մասին:

Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ խնդիրների շուտափույթ լուծման հարցում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության և Հայաստան-Իրան ճանապարհի պահպանման անհրաժեշտության մասին:

Sputnik Արմենիա