ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ և ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ և նրան ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:

Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:

Նա անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ ՄԻՊ–ի կողմից տարվող աշխատանքներին:

ՄԻՊ–ը նաև ՄԻԵԴ նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:

Ռոբերտ Սպանոն իր հերթին ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Հայաստանի ձեռնարկվելիք քայլերին:

Sputnik Արմենիա