Արցախի ՄԻՊ․ Արցախի հայերի բաղձալի երազանքը միծտ եղել է Մայր հայրենիքին միանալը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: Միացման արդարացի պահանջը թեև հրապարակայնորեն սկսեց արտահայտվել 1988-ից սկսած, սակայն հստակ բարձրաձայնվել է Արցախի մտավորականության կողմից խորհրդային կենտրոնական իշխանություններին տարիներ շարունակ ուղղված նամակներում:

Հայությունը համախմբվեց Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում և ամենուր՝ վերջնականապես լուծելու Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը:

30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են:

Հենց այս պարզ իրողություններն են, որ մեզ թույլ են տալիս պնդելու՝ արցախյան շարժումն անջատողականություն (սեպարատիզմ) չէ, այն ինքնանպատակ չէ, այլ ազգի մի հատվածի բնական ձգտումն ու իրավունքը՝ միանալու մայր հայրենիքին, որից արհեստականորեն ու անիրավ կերպով առանձնացրել էին»,-նշել է նա:

Գեղամ Ստեփանյանի այս գրառումն ըստ էության պատասխան է RTVI-ին տված հարցազրույցում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, ըստ որի՝ արցախայությունը չէր համաձայնի Հայաստանի հետ վերամիավորմանը։

Iravaban.net