Ռուբեն Վարդանյան․ Անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով.

«Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար:

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը:

Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»:

News.am