ANCA-ն արձագանքել է Բևերլի Հիլզում հակահայկական թռուցիկներին

Հայաստանը կործանելու կոչերով հակահայկական թռուցիկների տարածումը կարելի է դիտարկել միայն որպես հայատյացության միտումնավոր և հետևողական մոդել, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևելյան տարածաշրջանի համակարգող Էդվարդ Բարսումյանը Fox 11 Los Angeles-ին՝ մեկնաբանելով հակահայկական թռուցիկների հայտնվելը Լոս Անջելեսում՝ «աշխարհում հայկական սփյուռքի ամենամեծ բնակչությամբ քաղաքում»:

«Աշխարհի հայ համայնքը ապրում է այն, ինչը կարող է դիտվել միայն որպես հայատյացության միտումնավոր և հետևողական օրինակ, որը քարոզվում է Ադրբեջանի կառավարության կողմից»,- ասել է նա:

Կոմիտեի տվյալներով՝ Բևերլի Հիլզի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են այդ մասին և փնտրում են չարագործներին։

Ավելի վաղ ANCA-ն հայտնել էր, որ հունվարի 28-ին՝ Լոս Անջելեսում Արցախի ապօրինի շրջափակման դեմ հայ երիտասարդների բողոքի ակցիայից առաջ, Լա Սինեգա և Ուիլշիր բուլվարների շրջակայքում հակահայկական թռուցիկներ են փակցվել հետևյալ բովանդակությամբ. «Ադրբեջան + Թուրքիա + Պակիստան + Իսրայել = 4 եղբայր, ովքեր պետք է ջնջեն Հայաստանը աշխարհի քարտեզից. ինշալլահ»։

«Ցեղասպանության ուղղակի սպառնալիքներն ագրեսիա են Լոս Անջելեսի ամերիկահայ համայնքի դեմ և վտանգում են Հարավային Կալիֆոռնիայի ավելի քան 500,000 հայերի անվտանգությունը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

«Այսօր տեղի բնակիչներից մեկը հաղորդում է տվել ոստիկանության Բևերլի Հիլզի բաժին, որ մեր քաղաքի փողոցների սյուներին հակահայկական թռուցիկներ են փակցրել։ Ես դա անընդհատ ասում եմ, Բևերլի Հիլզում կամ որևէ այլ վայրում ատելությունը տեղ չունի»,- հունվարի 29-ին ասել է Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսը:

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերոն Բասը նույնպես արձագանքել է. «Լոս Անջելեսում կամ որևէ այլ տեղ հակահայկական ատելության համար տեղ չկա»,- գրել է նա Twitter-ում՝ կիսվելով ANCA-ի Արևմտյան շրջանի գրառումով։

Armenia Today