Զոհվածի մարմինը նույնականացվել է. հայկական կողմին է փոխանցվել Վահե Թորոսյանի մարմինը

Ադրբեջանի կողմից փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է` նա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ News.am-ը զրուցել էր Վահեի հոր` Արամ Թորոսյանի հետ, որն ասել էր` զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը գլխի, ոտքի և ձեռքի վիրավորում էր ստացել։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապ էր հաստատել ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։

Sputnik Արմենիա