Լավրով․ Մոսկվան գործում է Արևմուտքի տրամաբանությամբ՝ «հաղթանակը պետք է մարտի դաշտում լինի»

Մոսկվան ձգտում է հետ մղել ուկրաինական զորքերը ՌԴ տարածքի համար անվտանգ հեռավորության վրա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե այժմ մենք ձգտում ենք հետ մղել ուկրաինական զինված ուժերի հրետանին այնպիսի հեռավորության վրա, որը սպառնալիք չի ստեղծի մեր տարածքների համար, և որքան շատ հեռահար զենք է մատակարարվում Կիևի ռեժիմին, այնքան ավելի շատ անհրաժեշտ կլինի հետ մղել այն մեր երկրի տարածքներից», - ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին ու ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ոչ ոք չի փորձում համոզել Կիևին, որ անհրաժեշտ է վերադառնալ Մոսկվայի հետ բանակցություններին:

«Նրանք (Արևմուտքի երկրները,-խմբ.) հրաժարվել են բանակցություններից, ստիպել են Կիևի ռեժիմին հեռանալ բանակցային գործընթացից։ Ընդ որում՝ հենց այն պահին, երբ դեռ վերջում, ինչպես գիտեք, հնարավորություն կար դա քաղաքական ճանապարհով ավարտել։ Բայց Կիևին թույլ չտվեցին։ Բնականաբար։ Այդ ժամանակվանից ոչ ոք չի էլ փորձել համոզել Կիևի ռեժիմին բանակցություններ վարելու անհրաժեշտության մեջ»,-ավելացրել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն այժմ գործում է այնպես, ինչպես իր «արևմտյան գործընկերները», որոնք մարտի դաշտում հաղթանակ են խոստացել։

«Դա նրանց բանաձևն է։ Մենք բոլորս ուզում ենք, որ դա ավարտվի, Բայց այստեղ կարևորը ոչ թե ժամանակային գործոնն է, այլ այն արդյունքների որակը, որը մենք կապահովենք մեր ժողովրդի համար, այն մարդկանց համար, որոնք ուզում են ռուսական մշակույթի մի մասը մնալ, և որոնց Կիևի խունտան երկար տարիներ զրկել է ռուսական ամեն ինչից», - ասել է նա։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին այնպիսի պարտություն հասցնել, որ այն տասնամյակներ շարունակ չկարողանա վերականգնվել։ Սա «ռուսական հարցը» վերջնականապես լուծելու փորձ է։

Sputnik Արմենիա