Թովմասյան․ Դատապարտումները քիչ են, պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Միրոսլավ Պապան` պատասխանելով ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին։

Թովմասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ է հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։ Նա Միրոսլավ Պապայի պատասխան նամակը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։

«ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին։ Բացի այդ, հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը»,–ասված է Թովմասյանին ուղղված նամակում։

Պատգամավորը միաժամանակ ընդգծել է, որ դատապարտումները քիչ են, պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Sputnik Արմենիա