Ֆինլանդիան և Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը

Ֆինլանդիան և Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը՝ չնայած Շվեդիայի թեկնածության հետ կապված Թուրքիայի առարկություններին։ Այս մասին հինգշաբթի Ստոկհոլմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են երկու երկրների վարչապետները, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ կարող էր ավելի շուտ հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին, քան Շվեդիայի հայտին, սակայն Ֆինլանդիայի նախագահն ու արտգործնախարարը մերժել էին այդ գաղափարը՝ պնդելով, որ երկու հյուսիսային երկրների անվտանգությունը կախված է միմյանցից:

«Ինձ դուր չի գալիս այս մթնոլորտը, մի իրավիճակ, երբ Շվեդիան ներկայացվում է որպես խնդրահարույց երեխա։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

«Շվեդիան նաև կատարում է բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է նա։

Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ համաձայնագիրը, որն անցյալ տարի ստորագրվել էր Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև:

«Մենք միասին ենք սկսել այս ճանապարհորդությունը և միասին շարժվում ենք դեպի անդամակցություն»,-հավելել է նա։

News.am