Միշուստին․ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային աճ է գրանցվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ռեկորդային ցուցանիշի մասին՝ առաջարկելով նոր նախագծեր սկսել և հայ ձեռներեցներին հրավիրելով ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում։Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Կառավարության մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և չնայած արտաքին բարդ իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը արտաքին առևտրային առաջատար գործընկերն է և Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը։

«2022 թվականի հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77 տոկոսով, այն գերազանցել է 4 միլիարդ 100 միլիոն դոլարը, ինչն այսօր ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում»,- հայտարարել է ՌԴ վարչապետը և հավելել

«Ռուսաստանի կուտակված ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար, հայկական շուկայում գործում են ավելի քան 40 ռուսական առաջատար ընկերություններ, որոնք Հայաստանի խոշորագույն հարկատուներից են»։

«Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնված են ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա»,-վստահեցրել է Միշուստինը։

Միշուստինն ընդգծել է, որ ավանդաբար հատուկ նշանակություն է տրվում կրթության ոլորտին։

«Ռուսական բուհերում սովորում է մոտ 5 հազար հայ ուսանող, առաջիկա ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա ՌԴ կառավարության գծով»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

Panorama.am