ԵԱՏՄ երկրների շարքում տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ տարակարծություններ կան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում տարակարծություններ կան տեղեկատվական անվտանգության հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Digital Almaty-2023 թվայնացման միջազգային համաժողովի լիագումար նիստում, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։

«Տեղեկատվական անվտանգության հարցերի ողջ կարևորությամբ հանդերձ` չպետք է զսպեն տեղեկատվության փոխանակումը: Մենք, ցավոք, անընդհատ բախվում ենք այդ խնդիրների հետ։ Մենք կարծում ենք, որ տեղեկատվական անվտանգությունը, ընդհակառակը, պետք է նպաստի արդյունավետ տնտեսական լուծումների կիրառմանը»,-ասել է Մյասնիկովիչը։

Նրա կարծիքով, «անհրաժեշտ է ազգային և միջպետական տեղեկատվական հոսքերի ներդաշնակեցում, ԵԱՏՄ միասնական պահանջների ձևավորում»։

«Ցավոք, պետք է արձանագրել, որ հաճախ ընդհանուր ինչ-որ հարթակի հասնելը անհնար է լինում՝ ինքնիշխանության շահերի պաշտպանության քողի տակ տեղեկատվական անվտանգության հարցերում մի շարք պետությունների սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Կարծում ենք, որ այդ հարցը հետագայում պետք է արտացոլվի հատուկ միջազգային համաձայնագրում»,-ընդգծել է նա։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա