«ՀայաՔվե»․ Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար ու ժողովրդավար լինելուց
Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
Նշվում է, որ մշտադիտարկող խմբերն արձանագրել են մի շարք ընտրախախտումներ։
«Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները»,– նշված է տարածած հայտարարության մեջ։
Ըստ «ՀայաՔվեի»` քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով և այլն։
Ընդգծվում է, որ արձանագրվել է նաև ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով։
Հանրությանը կներկայացվեն փաստեր ու վերլուծություն ընտրությունների ընթացքում իրականացված ապօրինությունների մասին։
Sputnik Արմենիա