«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով
«Հանրային ձայն» կուսակցությունը (առաջին համարը` Արտակ Գալստյան) պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցությանը` ի դեմս ինձ, բացում է իր դռներն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ (ովքեր դեմ են այս իշխանությանը) և հրավիրում միավորման` կոալիցիա կազմելու»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց` հասկանում է, որ հիմա ամբիցիոզ քննարկում է լինելու, թե երեք ուժերից որ մեկի ցուցակի առաջին համարն է լինելու քաղաքապետ։ Ղուկասյանը վստահ է, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել դռնբաց։
«Ես ուզում եմ, որ երևանցին` իմ ընտրողը, ինչպես նաև այս ընդդիմադիր կուսակցությունների ընտրողները, օնլայն նստեն և դիտեն, թե այս երեք կուսակցությունների ղեկավարները` ես, Հայկ Մարությանը և Թևանյանը, ինչպես ենք ցանկանում կառավարել Երևանը»,– առցանց եթերի ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա հավելում է` դեմ չէ, որ Թևանյանը կամ Մարությանը լինեն քաղաքապետ, սակայն միայն մեկ պայմանով` վերահսկողական բոլոր վարչությունները պետք է լինեն «Հանրային ձայնի» ձեռքում։
Քաղաքապետը պետք է «Հանրային ձայնի» հետ պայմանագիր կնքի, որ վերահսկողական վարչության որևէ պետի իրավունք չունի ազատել առանց իր հետ համաձայնեցնելու։
Sputnik Արմենիա