ՌԴ ԱԳՆ․ Ակնկալում ենք շարունակել անարգել մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանն ակնկալում է շարունակել անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումները՝ ի շահ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխմանը։ Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի լուծմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ, միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են հասցվել տարածաշրջան։

«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Մոսկվան լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ:

Sputnik Արմենիա