Պետդեպի ներկայացուցիչը խուսափել է պատասխանել Փաշինյանի և Ալիևի Մյունխենում հանդիպելու մասին հարցին
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը համակարգում է Եվրոպայի և Եվրասիայի հետ հարաբերությունները, երեքշաբթի մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական էսկալացիան։
«Կարծում եմ՝ ներկայիս լարվածությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս ավելի ակտիվ դիվանագիտության կարևորությունը», - Turan-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ հավելելով, որ «մենք կշարունակենք փորձել մերձեցնել կողմերի դիրքորոշումները»:
Օ'Բրայենը լրագրողների հետ զրուցել է Եվրոպա մեկնելուց առաջ՝ ուղեկցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ով մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմիանան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օ`Բրայենը խուսափել է պատասխանել Թուրանի այն հարցին, թե արդյոք Մյունխենում կոնկրետ հանդիպումների հավանականությունը կա:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի հետ սահմանին։ Հայկական կողմից չորս զինծառայող զոհվել է, մեկը վիրավորվել։
News.am