«Հայաքվե»․ Ներկայիս իշխանությունների օրոք պատերազմն անխուսափելի է
Այս իշխանությունների օրոք պատերազմն անխուսափելի է, նոր տարածքների կորուստն անխուսափելի է, Հայաստանի ուկրաինացումն ու պաղեստինացումն անխուսափելի է, բայց պատերազմն անխուսափելի չէ ներկա իշխանությունների հրաժարականի և ազգային համաձայնության կառավարության ձևավորման դեպքում։ Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա անթույլատրելի է անվանել Ռուսաստանին Հայաստանի թշնամու վերածելու գործընթացը։
«Փաշինյանի վարչակարգին առաքելություն է տրված՝ տարածաշրջանում ստեղծել արևմտյան հեգեմոնիա։ Իսկ Արևմուտքը տարածաշրջանում որպես իր ներկայացուցիչ դիտարկում է Թուրքիային, որը Հայաստանից պահանջում է կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները և հանձնել տարածքներ»,- նշել է Սողոմոնյանը։
Նա կանխատեսում է, որ Փաշինյանը, կատարելով Արևմուտքի առաքելությունը, աստիճանաբար դնելու է ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցերը, ինչպես նաև ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքները, հուսալի գործընկերների կարիք ունի։
«Իսկ այժմ այդ հարաբերությունները հետևողականորեն փչացվում են, և դրա փոխարեն մենք չենք ստանում նոր երաշխիքներ այլ կենտրոններից։ Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրս բերելու Հայաստանի փորձերի ֆոնին մենք տեսնում ենք Ադրբեջանի հարաբերությունների սերտացում այդ երկրների հետ։ Արևմուտքը, ձգտելով թույլ չտալ նման գործողություններ Բաքվի կողմից, փորձում է սիրաշահել Ալիևին։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ բառ անգամ չասաց Արցախում կատարված ցեղասպանության մասին, որը տեղի ունեցավ անցած տարվա աշնանը։ Նա բառ անգամ չասաց ադրբեջանցի լրագրողների դեմ բռնաճնշումների մասին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա կշտամբել է Հայաստանի իշխանություններին Իրանի հետ հարաբերությունները փչացնելու հատուկ տաղանդի համար, որը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր և ամենաանվտանգ երկիրը Ռուսաստան և Արևմուտք ցամաքային ելքի համար։
Սողոմոնյանը նշել է, որ իշխանությւոններիվարած քաղաքականության պատճառով անգամ Իրանն է սկսել սիրաշահել Ադրբեջանին, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային գործընթացներից, թեև Թեհրանը գիտի, որ Բաքուն իր ռազմավարական գործընկերը չէ՝ իսրայելական սպառնալիքի հաշվառմամբ։
«Այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանի դիվանագիտական մեկուսացման և հնարավորություն ստեղծել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի համար»,- նշել է նա։