Դանիելյան․ Եթե դեմարկացիա չի արված, ո՞վ կարող է ասել, թե դա ում տարածքն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 տարի է, կրակոցներ լինում են սահմաններին, ժամանակ առ ժամանակ դրանց ինտենսիվությունը ուժեղանում կամ թուլանում է, մենք չպետք է դա ողբերգական տանենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 

Նրա խոսքով, Ադրբեջանի նպատակն էլ հենց այն է, որ ամեն կրակոցից հետո մեր հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծվի. «Նախկինում կրակոցների դեպքում իրենք համարժեք պատասխանը ստացել են ու մի քանի ամիս մոռացել են դրա մասին, մինչև հերթական անգամ նորից սադրանք են հրահրել: Դա իրենց մեթոդիկան է: Ենթադրենք իշխանությունները այդ 4 գյուղը հանձնեցին, դրանից հետո կրակոցները դադարելու ե՞ն: Շատ ավելի վատ է լինելու, շատ ավելի բարենպաստ դիրքերից են կրակելու: Իրենց նպատակը շրջակայքի գյուղերն անկենսունակ դարձնելն է»:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ երկար ժամանակ իշխանությունն ասում էր, որ այդ գոյւղերի շուրջ չի բանակցում, ասում էր՝ ձեռքներս կկտրենք, հող չենք տա. «բայց 15 օր առաջ եկել է գյուղում կանգնել ու ասել՝ ժողովուրդ, պետք է հանձնվի: Ասել է՝ 4 գյուղ կտանք, հետո կտեսնենք, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է ներկայացնում: Իրեն հարցրել են՝ էդ 4-ը տալուց հետո երաշխիք կա՞, ասել է՝ չէ, երաշխիք չկա: Հարցրել են՝ Վերին Ոսկեպարի վերաբերյալ էլ պահանջ կա՞, ասել է՝ հա, կա: Քարտեզը բացեք, նայեք, Վերին Ոսկեպարը սահմանակից է Լոռու մարզին: Գազամուղն էլ անցնում է այդ հատվածով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: նա նաև նկատեց, որ եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ դրանք ադրբեջանական հողեր են, Ադրբեջանն էլ ասում է՝ եթե այդպես է, մենք ցանկացած պահի կարող ենք հարձակում գործենք, էդտեղ կանգնած հայ զինվորներին էլ գերեվարենք:

«Դեմարկացիա չի արված, եթե չի արված, ո՞վ կարող է ասել, թե դա ում տարածքն է: Հո ասելով չի: Ես էլ ասում եմ՝ այդպես չի: Հայաստանը դրա համար երկու հիմք ունի. մեկը, որ մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, այդ քարտեզները պետք է հիմք ընդունել: Մյուսն էլ ԽՍՀՄ-ից դուրս գալն է: Երկու քարտեզներով էլ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ 1920 թվականի քարտեզով Հայաստանը 31 հազար քկմ է, Արծվաշենն էլ կպած է Հայաստանին, անկլավ չկա, մինչև Ղազախ մեր տարածքն է: Թող քարտեզները բացեն, նայեն: 1993-ին, երբ հեյդար Ալիևը ստորագրել, մտել է ԱՊՀ կազմի մեջ, դե ֆակտո ճանաչել է այն սահմանները, որոնցով մտել է: Ասել է՝ էդ պահի սահմաններով 1993-ի սեպտեմբերի 24-ին, մտել է ԱՊՀ: Այս հարցերը տվել ենք, Արարատ Միրզոյանին էլ ենք հարցրել: Ասում են՝ ադրբեջանցիները չեն ընդունում: բա ձեր գործն ի՞նչ է, որ ադրբեջանցիները չեն ընդունում, բա ինչի՞ համար ենք ձեզ ընտրել: Քանի դեռ Հայաստանին իշխանությունը վախենում է, Ադրբեջանը պահանջելու է: Ադրբեջանցիների տրամաբանությունը ոհմակային է, ջոկեցին, որ իրենց ատամը կտրում է, կարող են վախեցնելով ստանան, ստանալու են: Հենց զգում եմ ուժ կա, կիլոմետրերով փախչում են»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը:

News.am