ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձրամակարդակ հանդիպումը
2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձևաչափով բարձրամակարդակ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արևմուտքի» հերթական փորձ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Դրանում նաև նշված է.
«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետևանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, սադրել նոր բաժանարար գծեր, ինչպես նաև լարվածության չվերահսկվող աճ։
Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել իր չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի Հարավային Կովկասում։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերվեն ռուսական ռազմակայանը և սահմանապահները։ Երևանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արեմուտքը խաբի իրեն և երկիրը տանի կեղծ ուղիով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, լուրջ խնդիրներով տնտեսությունում և բնակչության արտահոսքով։
Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվի բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ փոխգործակցությունից և ԵԱՏՄ ու ԱՊՀ շրջանակում։ Հենց այդ գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի (չորս անգամ 2018-ից ի վեր) և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճը և բնակչության բարեկեցության բարձրացումը։
Հաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացման և ընդլայնման տրամադրվածությունն այն սկզբունքներով, որոնք ամրագրված են հիմնարար երկկողմ փաստաթղթերում և պայմանավորվածություններում՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Արևմուտքը փորձում է նաև քայքայել հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը՝ 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրը, որոնք նախատեսում են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի պատրաստում, վստահության ամրապնդում փորձագետների շփումների միջոցով։ Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման տակ է պաշտոնական Երևանը դադարեցրել այս պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումների։ Մոսկվայում նախկինի պես պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։
Խնդրահարույց հարցերը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի, Հարավային Կովկասում պետք է լուծել «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համապատասխան, որը համաձայնեցվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում, «3+3» Խորհրդատվական պլատֆորմի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այս պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին, իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս, հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»։
News.am