Ռուբեն Վարդանյանի «դատը» Բաքվում. պաշտպանական կողմի բողոքը թողել են առանց քննության
Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ:
Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։
Պետական մեղադրող Տարանա Մամեդովան և «տուժողներն» իրենց հերթին դատարանին խնդրել են չբավարարել դատավորներին բացարկ հայտնելու միջնորդությունը:
«Դատարանը» հեռացել է խորհրդակցության, այնուհետև հրապարակել է որոշումը` բողոքը թողնվել է առանց քննության: Այնուհետև, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, ցուցմունք են տվել «տուժողները»։
Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 20-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա