Սիրիան Իսրայելին մեղադրում է հարավում տեղի ունեցած հարձակումների համար
Սիրիայի ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելը կրում է Սիրիայի հարավում տեղի ունեցած վերջին հարձակումների և դրանց հետևանքների ամբողջական պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը։
Նախարարությունը հայտարարել է, որ հանձնառու է պաշտպանել բոլոր սիրիացի քաղաքացիներին առանց բացառության, այդ թվում՝ դրուզ փոքրամասնությանը։ Իսրայելը երեքշաբթի երկրորդ օրն է հարվածում Սիրիայի հարավ-արևմուտքում տեղակայված սիրիական կառավարական ուժերին՝ խոստանալով պահպանել տարածքը ապառազմականացված և պաշտպանել դրուզ փոքրամասնությանը։
Մինչդեռ Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները և Իսրայելի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, հաղորդում է Al Arabiya-ն։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը... իր գոհունակությունն է հայտնում Սիրիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների կապակցությամբ՝ անվտանգության և կայունության հասնելու, ամբողջ Սիրիայում քաղաքացիական խաղաղությունը պահպանելու և պետության ու նրա ինստիտուտների ինքնիշխանությունն ապահովելու համար՝ այնպիսի եղանակով, որը կպահպանի Սիրիայի միասնությունն ու անվտանգությունը և կբավարարի սիրիացի ժողովրդի ձգտումները»,- ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի հարավի՝ հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա քաղաքում բեդվին ցեղերի և տեղացի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, հուլիսի 14-ին, հայտնել է Սիրիայի Մարդու իրավունքների վերահսկման խորհուրդը (SOHR): Սիրիայի իշխանությունները զորքեր են ուղարկել մարտական գոտի՝ հակամարտությունը հարթելու համար:
Դա տարածաշրջանում բռնության առաջին խոշոր բռնկումն է ապրիլ-մայիս ամիսներից ի վեր, երբ դրուզ համայնքի անդամների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, գրում է DW-ն։ Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով՝ 50 մահացածներից 34-ը դրուզներ էին, դրանց թվում՝ երկու երեխա, իսկ 10-ը՝ բեդվիններ։ Սպանվել է նաև Սիրիայի անվտանգության ուժերի վեց անդամ։ Դամասկոս-Սուվեյդա մայրուղին բախումների պատճառով փակ է։
News.am