Լույս է տեսել Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գիրքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրատարակվել է քաղաքագետ Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գիրքը, որը 2022 թվականին «Հայացք» մատենաշարի ներքո լույս տեսած «Ճոճանակ» գրքի տրամաբանական շարունակությունն է:
««Ճոճանակ-2» գրքում ներկայացված է «Մեծ աղետի»՝ 2022թ նոյեմբերի 11-ից մինչև 2025թ մայիսի 9-ը հատվածը. շրջան, որին չի կարելի չանդրադառնալ, շրջան, որին անդրադարձը շատ ծանր է հոգեբանական և էմոցիոնալ տեսանկյունից, շրջան, որը ներծծված է ցավով, պատասխանի սպասող բազմաթիվ հարցերով ու չսպիացող վերքերով…»։
Հիշեցնենք, որ «Ճոճանակ» գրքում ներկայացված է Արցախյան հակամարտության ժամանակագրությունը՝ 1988 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր: Գիրքը բաղկացած է 7 գլխից։ Այն ընթերցողին հնարավորություն է տալիս մանրամասն տեղեկանալ Արցախի շուրջ ծավալված բոլոր իրադարձություններին ու գործընթացներին, ինչպես նաև ներառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ամբողջ ընթացքի մասին արժեքավոր տեղեկություններ։
«Եթե ծանոթ եք «Ճոճանակ»-ին», ապա գիտեք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի ամբողջ գործընթացը՝ հանրային տրամադրություններ, միջազգային դերակատարներ և այլն, 1988 թ․ արցախյան շարժումից սկսած հասնում էր մինչև 2022 թ. նոյեմբերի 10-ը։ «Ճոճանակ»-ի առաջին շնորհանդեսը կայացել է Ստեփանակերտում։ Վերջին շրջանում մեզ անընդհատ տանջում էր այն հարցը, որ փաստորեն հասնելով 2022 թ. նոյեմբերի 10-ը՝ հաջորդիվ տեղի ունեցավ մեծ աղետը՝ 9 ամսից ավելի տևած բլոկադայի, որին հաջորդեց Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան, հայրենազրկումը, բռնի տեղահանումը և Արցախի ողջ տարածքի օկուպացիան. այս ամենը «Ճոճանակ»-ը ժամանակագրորեն իր մեջ չէր ներառում։ Եկանք եզրակացության, որ նույն «Ճոճանակ»-ի տրամաբանության մեջ պետք է շարունակությունը տրվի»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Alpha News