Փաշինյան․ Արցախի մշտական ներկայացուցչության շենքը պետք է պատկանի ՀՀ-ին
Արցախի մշտական ներկայացուցչության շենքը գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։
«Չեմ էլ ուզում սեթևեթեմ ու ուղիղ ասել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ և հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը։ Մեկ, երկու, երեք... բայց պետությունը պետք է քայլեր ձեռնարկի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս համատեքստում համեմատական տարավ նաև Հայ առաքելական եկեղեցու հետ ու հայտարարեց, թե արտաքին ուժերը չեն կարող եկեղեցին օգտագործել ՀՀ-ի դեմ ու կրկին փորձեն պետության մեջ պետություն ստեղծել։
«Անհրաժեշտության դեպքում մեր գործողությունները կլինեն շատ կտրուկ, բայց օրինական»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։
Sputnik Արմենիա