Պեսկով․ Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն
Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ հետաքրքրված է ՇՀԿ-ին անդամակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը:
Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն գործն է։
«Միաժամանակ, նրանք (ՀՀ ղեկավարությունը խմբ․) հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն ՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և շահագրգռված է առավելագույն փոխգործակցությամբ:
«Բացի բազմակողմ ձևաչափերից՝ մեզ միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները, և մենք մտադիր ենք դրանք հետագայում զարգացնել»,- հավելել Է ՌԴ մամուլի քարտուղարը։
Լրագրողը նրա ուշադրությունը հրավիրել է Փաշինյանի վերջին կտրուկ արտահայտությունների վրա։
«Վերջին մի քանի տարիներին մենք տեսնում ենք տարբեր ուղղություններով հավասարակշռման ձգտում։ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում Հայաստանին ԵվրԱզԷՍ- ին (Եվրասիական տնտեսական համայնք) անդամակցությունը։ Մենք կտեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատության մեջ է երևում»,- պատասխանել է Պեսկովը։
Հավելենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ իր կարծիքով՝ 20 տարի հետո Հայաստանը կլինի Եվրոպական միության անդամ։ Միաժամանակ, Ռուսաստանում բազմիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և ԵԱՏՄ անդամ։
Sputnik Արմենիա