Սեբեոս քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կնքահայր դառնա
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը բացատրել է, թե ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի` առաջարկելով փոխել կնքահորը։ Միջադեպի հետևանքով մկրտության արարողությունը չի իրականացրել։ Քահանան նշել է, որ եկեղեցու և վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։
«Պատահաբար ես ճանաչեցի. տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները` ուղղված Ամենայն հայոց հայրապետիս, հայ եկեղեցականներին, և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է վեհարանից դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել է և ուզում է կնքահայրության պատվին արժանանալ։ Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով` եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես` իմ մեղքերով հանդերձ, ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,-նշել է քահանա Ղալաչյանը։
Սեբեոս քահանա Ղալաչյանն ընդգծել է, որ անչափահասի հոգևոր կյանքի պատասխանատուն կնքահայրն է, դա է նրա դերը, ուստի նա պետք է լինի հոգևոր ծնող ու դաստիարակ, հոգևոր օրինակ և իր սանիկի հոգու փրկության պատասխանատու։
Նա հավելել է, որ այդ միջադեպից հետո անպարկեշտ խոսքեր են հնչել ։ Պատգամավորը, հնչեցնելով վեհափառի ավազանի անունը, նշել է, որ նրան պարանոցից բռնած պետք է դուրս շպրտել վեհարանից։
Դիմելով հանրությանը` քահանան հարց է տալիս` ինքն իրավունք ունե՞ր թույլ տալու, որ ՔՊ–ական պատգամավորը դառնա կնքահայր։
Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էին ՔՊ–ականները` նշելով, որ հոգևորականները քաղաքացիներին ծառայելու իրենց առաքելությունը պետք է իրականացնեն` առանց հաշվի առնելու մարդկանց քաղաքական հայացքները:
Sputnik Արմենիա