27 տարի անց բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

Բացահայտել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կոմիտեն մանրամասներ է ներկայացրել 27 տարի առաջ տեղի ունեցած սպանությունից։ Ըստ ձեռք բերված փաստերի` պարզվել է, որ ոմն Ս.Ա.–ն, Հ.Ն.–ն և Ա.Ա.–ն 1998 թ. դեկտեմբերի 10–ին շահադիտական դրդումներով, Ս.Ա.–ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։

Սպանությունն իրագործելու համար զինծառայող Ս.Ա.–ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.–ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հազար և 15 հազար դոլար գումար:

Սպանությունն իրագործելու համար Ս.Ա.–ն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.–ի եղբորից՝ Ա.Ն.–ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա։

1998 թ. դեկտեմբերի 9–ի երեկոյան հանցավոր խմբի անդամները հանդիպել են Երևանի Հանրապետության հրապարակում և Հ.Ն.–ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալած սպասել են նրա տուն գալուն։

Արդեն դեկտեմբերի 10–ի գիշերը՝ ժամը 00։30–ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.–ն և Ա.Ա.–ն, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունու ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Հանցավոր խմբի անդամներն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

Ս.Ա.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Ս.Ա.–ն 27 տարի անց ձերբակալվել է:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների մասին հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։

Sputnik Արմենիա