Forbes․ «Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար
Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կողմից վարձակալելու իրական հեռանկարի մասին։ Ըստ հրապարակման՝ դա ԱՄՆ-ին կբերի միլիարդավոր դոլարների շահույթ։
Եվրոպայի՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու ցանկության և Հարավային Կովկասում ազդեցության համար համաշխարհային մրցակցության սրման համատեքստում, այս ամերիկյան նախագիծը կարող է դառնալ Վաշինգտոնի համար «գլխավոր հարված», որը կարող է տարեկան բացել 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր և կտրուկ կրճատել Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային ծախսերը, նշել է հեղինակը։
Մասնագետն ընդգծել է, որ ամերիկյան նախաձեռնությունը փորձ է ոչ միայն տնտեսապես դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգամատակարարումը, այլև աշխարհաքաղաքական առումով թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտվելով 2023 թվականին Հայաստանի պարտությունից հետո ստեղծված «դատարկ» իրավիճակից։ Միևնույն ժամանակ, միջազգային վերահսկողության ներքո վարձակալության գաղափարը, նրա կարծիքով, ստեղծագործական լուծում է, որը կարող է օգնել հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհաշտելի տարաձայնությունները։
Սակայն Յըլդըզը նաև լուրջ ռիսկեր է նշում՝ Երևանի դիմադրությունը, անվտանգության երաշխիքների բարդությունը և տարածաշրջանային լարվածության աճի ներուժը: Վերջնական արդյունքում, նախագծի հաջողությունը լակմուսի թուղթ կլինի ԱՄՆ դիվանագիտական հնարամտության համար համաշխարհային մրցակցության դարաշրջանում, նշում է Forbes-ի վերլուծաբանը։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Armenia Today