Երևան-Կապան չվերթի ժամանակ նստատեղերի առնվազն 90%-ը զբաղված է լինում. օդանավակայանի տնօրեն

Երևանից Կապան չվերթերը վերջին ամիսներին լրացվում են առնվազն 90%-ով։ Այս մասին լրագրողներին ասաց Կապանի օդանավակայանը կառավարող ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում՝ զբոսաշրջային սեզոնին, բազմաթիվ չվերթեր են եղել, երբ ուղևորները պարզապես չեն հասցրել տոմսեր գնել», - նշեց նա:

2022 թվականին, երբ նորակառույց օդանավակայանը (որը դադարել էր աշխատել 1992 թվականին) սկսեց կանոնավոր չվերթեր կատարել, սկզբնական փուլում որոշ միջադեպեր տեղի ունեցան, բայց հիմա նման բան չի արձանագրվում, հայտարարել է Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ Կապանից Երևան թռիչքներն ընթանում են բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Նա հավելել է, որ կանոնավոր թռիչքների վերսկսման ամբողջ ընթացքում Հայաստանի օդային սահմանը հատելու ոչ մի դեպք չի եղել (օդանավակայանը սահմանակից է Ադրբեջանին - խմբ):

Սկզբում չվերթերից հիմնականում օգտվում էին Զանգեզուրի կոմբինատի և լեռնահանքային այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Ուղևորները խուսափում էին թռիչքներից, բայց աստիճանաբար ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների շրջանում, վստահությունը սկսեց մեծանալ:

2022 թվականի օգոստոսին, երբ սկսվեցին կանոնավոր թռիչքները, ինքնաթիռները թռչում էին շաբաթական երկու անգամ՝ կիսադատարկ։ Այժմ թռիչքները երկու ուղղություններով ամբողջական կամ գրեթե ամբողջական բեռնվածությամբ են՝ իրականացվում են երկուշաբթիից ուրբաթ, ընդ որում, կանոնավորից բացի կան նաև չարտերային թռիչքներ:

Երթուղին սպասարկում է միայն մեկ ինքնաթիռ (չեխական «L410»՝ 17 ուղևորի համար): Պահուստային ինքնաթիռի բացակայության պատճառով մի քանի ամիսը մեկ թռիչքներն ընդհատվում են ինքնաթիռի պլանային վերանորոգման նպատակով (վերջինը տեղի է ունեցել մարտ-ապրիլ ամիսներին, հաջորդը նախատեսված է սեպտեմբերին): Նոր օդանավերի գնման կամ լիզինգի պլաններ չկան՝ հաշվի առնելով, որ տոմսի գինը (20 հազար դրամ) զգալի չափով սուբսիդավորվում է։ Նույն պատճառով դեռևս չի դիտարկվում նաև միջազգային թռիչքների հավաստագրման հնարավորությունը, թեև հնարավոր է օդանավակայանը տեխնիկապես պատրաստել այդ նշանակությամբ:

Ներկայում օդանավակայանում աշխատում է շուրջ 40 մարդ, հիմնականում՝ տեղացիներ (կան նաև Երևանից ներգրավված մի քանի մասնագետներ):

Նշենք, որ Կապան-Երևան չվերթերն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, իսկ օդանավակայանը ղեկավարում է «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ն, որի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և պետության կողմից հիմնադրված Սյունիքի զարգացման հիմնադրամը:

Sputnik Արմենիա