Մնացականյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանում

Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Այս մասին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում է NEWS.am։

ԱԳ նախարարն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Հարգելի գործընկերներ,

Նախ եւ առաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար:

Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի եւ այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար: Շնորհակալություն եւ իմ խորագույն հարգանքները։

Ցանկանում եմ անդրադառնալ հինգ դրույթի:

Առաջին Եվրոպայի Խորհուրդն անվտանգության կազմակերպություն չէ, եւ անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման եւ հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարը: Այս սկզբունքն առավել հնչեղ արձագանք է ստանում «Ֆինլանդիա դահլիճում»՝ այս նույն պատերի ներքո 1975թ. հնչեցված ուղերձի հետ մեկտեղ:

Երկրորդ. հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը եւ անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը: «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է եւ այն որեւէ դրսեւորում չպետք է ունենա:

Երրորդ. զանգվածային վայրագությունների կանխարգելումը նույնպես  ընկած է ժողովրդավարական անվտանգության հիմքում։ Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը եւ ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում: Թուրքիայի նախագահն օրացույցի բոլոր օրերից հենց ապրիլի 24-ին արդարացրեց Հայոց ցեղասպանության զոհերի դեմ իրականացված հանցագործությունները՝ ցեղասպանության զոհերին անվանելով «հայկական հրոսակախմբեր եւ նրանց աջակիցներ», որոնց «տեղափոխումն ամենաողջամիտ գործողությունն էր»։ Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը։

Չորրորդ. մեկ տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը եւ հայ ժողովուրդն ի ցույց դրեցին ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները եւ արժեքները: Վերջինիս հետեւած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին հասարակության աջակցության եւ իր կողմից տրված ուժեղ մանդատի հիման վրա, Հայաստանը վերահաստատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել չվիճարկված ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը պաշտպանելու եւ խթանելու քաղաքական կամքը մեր կառավարության քաղաքականության առանցքն է: Մենք նաեւ ցուցադրեցինք, որ արժեքների եւ աշխարհաքաղաքականության նույնացումն  անտեղի  եւ վտանգավոր է:

Հինգերորդ. մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների  եւ մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաեւ դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային եւ թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետեւողական ապրապնդման կարիք ունեն: Ոչ մի հասարակություն եւ ոչ մի անդամ երկիր բացառություն չէ: Առավել քան երբեւէ առկա է Եվրոպայի խորհրդի կարիքը: Դրա բոլոր կանոնադրական մարմիններն ամրապնդման կարիք ունեն, Խորհրդարանական վեհաժողովը պետք է լիովին մաքրվի կոռուպցիայից: Գլխավոր քարտուղարի զեկույցն արժանի է աջակցության՝ որպես բարեփոխումների համար նշանակալի եւ պարտադրող ճանապարհային քարտեզ: Ֆինանսավորման ներկա մակարդակի պահպանումը նվազագույն քայլ է այս կառույցի կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: 70-ամյա հոբելյանի ուղերձը բխում է ոչ միայն 1949թ. Լոնդոնի պայմանագրից, այլ նաեւ 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմից: Մենք չենք կարող հետ վերադառնալ անցյալի տարաձայնություններին: Խորհուրդը եւ այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա այն կառուցված է, ունեն անդամների հանձնառության վերահաստատման կարիքը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեր լիակատար աջակցությունը հայտնել Ֆրանսիայի առաջիկա նախագահությանը։ Դրանց իրագործման հարցում դուք կարող եք ապավինել մեր աջակցությանը։ Մաղթում եմ ամենայն հաջողություն ձեր կարեւոր նախաձեռնություններում։

Շնորհակալություն»:

Основная тема:
Теги: