Թուրքիայի ՍԴ-ն վճռել է որ կրոնի ազատության իրավունքի խախտումներ են եղել

Թուրքիայի սահմանադրական դատարանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում երկրի իշխանությունների պահվածքը որակել է որպես «կրոնի ազատության իրավունքի խախտում», հայտնում է rusarminfo.ru-ն:

«Դատարանն ուսումնասիրել է պատրիարքի ընտրության վերաբերյալ նախաձեռնող խմբի ներկայացրած հայցն ու բավարարել այն՝ վճռելով, որ խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը: Տեղի է ունեցել կրոնական ազատության իրավունքի խախտում»,-հաղորդում է Ստամբուլի «Ակօս» պարբերականը:

Հայտնի է, որ 2010թ. պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել էին ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնելու թույլտվություն տալ: Մերժումից հետո հայկական կողմը դիմել էր Պետական խորհուրդ, որտեղից ևս մերժում էր ստացել:

Ավելի ուշ թուրքական կառավարությունը պատրիարքի փոխանորդ էր նշանակել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Հայկական կողմն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել՝ հայտարարելով, որ եկեղեցում նման պաշտոն չկա: Այս հայցը ևս մերժվել էր:

2016թ. Ստամբուլի հայկական համայնքի ճնշման ներքո Աթեշյանը հրաժարական էր տվել, ինչից հետո անցկացվել էին տեղապահի ընտրություններ, որոնցում հաղթել է Գարեգին Բեկչյանը: Դրանից հետո թուրքական իշխանությունները հայտնել էին, որ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու կարիք չկա, քանի որ Մութաֆյանը դեռևս ողջ է՝ չնայած, որ նա գտնվում էր կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ Մութաֆյանն ինը տարի կոմայում անցկացնելուց հետո մահացել է այս տարվա մարտին՝ Ստամբուլում:

Основная тема:
Теги: