ՍԿԱՆԴԱԼ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏԵՎԻՑ.ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիսի 3-ին մամուլում միանգամից երկու չափազանց վատ նորություն հայտնվեց Ադրբեջանի և անձամբ Ալիևների ընտանիքի համար։

Նախ, Միլանում սկսվել է երկար սպասված դատավարությունը հանրահայտ խավիարային դիվանագիտության, որն անվանում են նաև «Ադրբեջանական լվացքատուն», գլխավոր դեմքերից մեկի՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, իտալացի Լուկա Վոլոնտեի նկատմամբ։ Երկրորդ, ԵԽԽՎ կայքում հրապարակվել է զեկույց՝ «Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանությունը և օրենքի գերակայությունը Մալթայում ու դրա սահմաններից դուրս. երաշխավորելով, որ ջրի երես դուրս կգա ողջ ճշմարտությունը» վերնագրով։ Նշենք, որ այդ գործով հայտնի փաստերն արդեն բովանդակում են ադրբեջանական էլիտայի ներկայացուցիչների, այդ թվում նաև նախագահ Ալիևի դուստրերի ապօրինի գործողությունների բազմաթիվ մերկացումներ։ Ի՞նչ է լինելու այդ երկրի և կառավարող ընտանիքի իմիջի ողորմելի մնացորդների հետ՝ այն բանից հետո, երբ բացահայտվի ողջ ճշմարտությունը, ինչպես խոստանում են զեկույցի հեղինակները։

Այժմ՝ հերթականությամբ։ Մայիսի 29-ին հրապարակվեց զեկույց, պատրաստված ԵԽԽՎ հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգի կողմից, որն, ի դեպ, իր սկզբունքայնության ու օբյեկտիվության համար վաղուց գտնվում է Բաքվի նշանառության տակ։ Զեկույցը վերաբերում է մալթացի լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանությանը, որը հետաքննում էր ինչպես իր երկրի, այնպես էլ օտարերկրյա քաղաքական գործիչների և պետպաշտոնյաների կողմից կոռուպցիայի փաստերը՝ ընդհուպ մինչև վերին էշելոններ։ Գալիցիան զոհվեց 2017 թվականի հոկտեմբերի 16-ին իր ավտոմեքենայի պայթյունից, որում ռումբ էր տեղադրված, ընդ որում ոչ ոք կասկած չունի, որ սպանությունը պայմանավորված էր լրագրողի մասնագիտական գործունեությամբ։ Օմտցիգի զեկույցի նախագծում խոսվում է այն մասին, որ Մալթայի իշխանություններն անընդունակ են օբյեկտիվորեն հետաքննել այդ հանցագործությունը՝ իրավապահ կառույցներում տիրող կոռուպցիայի և կառավարությունից դրանց կախվածության պատճառով։

Որպես կոռուպցիայի առանցքային օբյեկտ նշվում է մասնավոր Pilatus Bank, որի հետ էլ կապվում են Ալիևների և Ադրբեջանի այլ խոշոր պաշտոնյաների անունները, որոնք այդ բանկի անվան տակ իրականացրել են իրենց կեղտոտ գործերը։ Հավաստիացվում է, որ բանկի կլիենտների մեջ էին «քաղաքականորեն նշանակալի դեմքեր», որոնց թվում նշված են Լեյլա և Արզու Ալիևաները, ինչպես նաև Ադրբեջանի նախարարներից մեկը։ Զեկույցում հիշատակվում է նաև մեծ աղմուկ հանած «Պանամական դոսյեն», որտեղ նույնպես Ալիևի դուստրերի քրեական գործարքներին բազմաթիվ տողեր են նվիրված։ Դաֆնայի մահից հետո նրա հետաքննությունը շարունակեց OCCPR կազմակերպությունը (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ), որի կայքում կա «Ադրբեջանական լանդրոմատ» անվանումով հատուկ բաժին, որտեղ հրապարակված են Ալիևի ընտանիքի և Բաքվի այլ պաշտոնյաների ապօրինի գործունեությունը մերկացնող մի ամբողջ շարք հոդվածներ։

Զեկույցում ընդգծվում է, որ «Եվրոպայի խորհուրդը պետք է հսկողության տակ պահի այդ գործը, մինչև որ Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանությունը լիովին կհետաքննվի»։ Նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որը կկայանա հունիսի 24-28-ին Ստրասբուրգում։ Հարկ կա՞ արդյոք ասել, որ հայկական պատվիրակությունը պարտավոր է լրջագույնս նախապատրաստվել փաստաթղթի քննարկմանը և իր լուման ներդնել դրա ընդունման գործում։ ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայիս կազմը, ցավոք, առանձնակի հույսեր չի ներշնչում այդ առնչությամբ, այդուհանդերձ փորձի պակասը ոչ մի կերպ չի կարող արդարացնել դրա նոր անդամների պասիվությունը, ինչը հստակ դիտարկվում էր ԵԽԽՎ նախորդ երկու նստաշրջաններում։

Ալիևի համար երկրորդ վատ նորությունը Միլանում սկսված դատավարությունն է տխրահռչակ Լուկա Վոլոնտեի նկատմամբ. Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց անմիջապես հետո Ադրբեջանի ծավալած և Խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ ծաղկող խավիարային դիվանագիտության գլխավոր շահառուներից մեկի։ Վոլոնտեն, որը ժամանակին ղեկավարում էր Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների ԵԽԽՎ հանձնաժողովը, մեղադրվում է Ադրբեջանից խոշոր կաշառքներ՝ մոտ 2,3 մլն եվրո ստանալու մեջ։ Այդ փողերը նախատեսված էին ԵԽԽՎ այլ անդամների կաշառելու և Բաքվի իշխանություններին ձեռնտու որոշումներ ընդունելու համար, այդ թվում՝ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը ձախողելու։ Վոլոնտեի կոռուպցիոն գործերի հետաքննությունը 2016 թվականին սկսեց Միլանի դատախազությունը, և այս ընթացքում բացահայտվել է հանցավոր սխեմա՝ ինչպես տարբեր երկրների պատգամավորների, այնպես էլ Միլլի մեջլիսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց այնուհետ շտապ հանեցին Ադրբեջանի պատվիրակության կազմից։

Երեք տարի անց գործը հասավ դատարան։ Ըստ «Թուրան» գործակալության, դատարանի և անձամբ Վոլոնտեի շուրջ ձեռնարկված են անվտանգության աննախադեպ միջոցներ։ Հաղորդվում է բավական ուշագրավ ևս մեկ փաստ. որպես մեղադրող կողմի փորձագետ, դատավարությանը մասնակցում է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, Եվրոպայի խորհրդում նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը, որը բազմիցս աչքի է ընկել Ադրբեջանի իշխանությունների և անձամբ Ալիևի հասցեին անողորմ քննադատությամբ։ Անվտանգության նպատակներով Մամեդովին նույնպես ապահովել են ուժգին հսկողությամբ։ Դատելով ամենից, դատավարությունը խոստանում է լինել բավական հետաքրքիր և, անկասկած, Ադրբեջանի խավիարային դիվանագիտության սկանդալային մերկացումներով լեցուն։ Ինքնըստինքյան այն փաստը, որ Եվրոպայում տեղի է ունենում Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեության հետ անմիջականորեն կապված դատավարություն, արդեն շատ բանի մասին է խոսում և Ալիևի համար բազմաթիվ տհաճ մերկացումներ խոստանում։

Ոչ մի օր՝ առանց սկանդալի. այս արտահայտությունը առավելագույնս լավ է բնորոշում ադրբեջանական իշխանությունների դժվարին կյանքը վերջին տարիներին։ Եվրոպայի Լիգայի եզրափակչի հետ կապված խայտառակությունից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի նախագահի ու իր երկրի անունները կրկին հայտնվեցին եվրոպական մամուլի և հասարակայնության ուշադրության կենտրոնում, և կրկին՝ ծայրաստիճան բացասական լույսի ներքո, որը սպառնում է նորանոր հեղինակազրկումներով։ Իսկ թե որքան «հրաշք հայտնագործություններ» են մեզ խոստանում դատավարությունները Միլանի Արդարադատության պալատում ու ԵԽԽՎ-ում, ասելու կարիք էլ չկա։ Ադի-բուդի պաշարենք։