Էրդողանը կրկին պարտվեց

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն առաջատարի դիրքում է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների արդյունքում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հայտնել է երկրի ԿԸՀ-ն՝ 99.1 տոկոս ձայների հաշվարկից հետո:

ԿԸՀ տվյալներով՝ Իմամօղլուն ստացել է ձայների 54 տոկոսը: Նրա մրցակիցը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը, ստացել է ձայների 45.1 տոկոսը:

Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հետ համագործակցության հույս ունի, ինչպես նաև հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքի բնակիչներն աշխարհին ցույց տվեցին, որ Թուրքիան մինչ օրս պաշտպանում է ժողովրդավարության իր իրավունքը:

Նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է իր մրցակցին առաջատարության համար:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրութունները Թուրքիայում տեղի են ունեցել մարտի 31-ին: Այն ժամանակ Իմամօղլուն շրջանցել էր Յըլդըրըմին՝ ստանալով 4 171 000 ընտրողի ձայն: Թուրք ղեկավարի կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները՝ պահանջելով չեղարկել դրանք և նոր ընտրություններ նշանակել Ստամբուլում: