ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հինգշաբթի օրը կառավարության նիստի ավարտից հետո տեղեկացրեց լրագրողներին, որ երկրում կենսաթոշակները բարձրացնելու համար կպահանջվի մոտ 25 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. բնականաբար, բացի վարկերից և պետգանձարանից, կենսաթոշակների աճը ֆինանսավորելու աղբյուր չկա։ Այլ հարց է, թե որտեղից են հայտնվելու լրացուցիչ միջոցները գանձարանում, այլ հարց է, թե որտեղից են հատնվելու և կհայտնվե՞ն արդյոք ընդհանրապես վարկային գումարներ։ Ջանջուղազյանի հակիրճ պատասխանն այս հարցերը, ըստ էության, չպարզաբանեց։

Ասենք, կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի կենսաթոշակների աճի ֆինանսավորման աղբյուրները որոշակի իմաստով նախանշեց վարչապետը՝ կառավարության նիստի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»։

Հաշվի առնելով ասվածը, հնարավոր համարենք, թե կենսաթոշակների բարձրացման համար ֆինանսական հիմք պետք է ծառայի հիշատակված ոլորտների զարգացմամբ ապահովված ներառական տնտեսական աճի ազդեցությունը։ ԲայցՄի տեսակ չափազանց կասկածելի է թվում կառավարության գործողությունների հերթագայությունը տվյալ հարցում։ «ներառական տնտեսական աճի բարձր ցուցանիշների հասնելու» համար այսօր նույնիսկ չկա ճանապարհային քարտեզ (ըստ վարչապետի, այդ քարտեզի առկայությունը լոկ խնդիր է, որը պետք է լուծել), իսկ կենսաթոշակների բարձրացման մասին որոշումն արդեն հնչեցված է։ Ընդ որում դրա պարագայում կա կոնկրետություն. կենսաթոշակները կբարձրանան 10%-ով, և այդ նպատակով կպահանջվի 25 միլիարդ դրամ։ Նկատեք, 25 միլիարդ, որոնց կոնկրետ աղբյուրները չեն հնչեցվում։ Ավելին, չի հնչեցվում նույնիսկ հաջորդ տարվա բյուջեի եկամուտների աճի ընդհանուր մոտավոր թիվը, ինչի հաշվին էլ, ըստ մտահղացման, պետք է ավելանան գանձարանի բացի ամենայնից նաև կենսաթոշակային ծախսերը։

Մինչդեռ կարելի է ենթադրել, թե ինչու հատկապես հիմա ազդարարվեց հաջորդ տարի կենսաթոշակները բարձրացնելու կառավարության մտադրությունը։ Օրերս հրապարակվեցին International Republican Institute (IRI) կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Ահա ուրեմն, համաձայն անցկացված հարցման տվյալների, վարչապետի վարկանիշն ընկնում է։ Ընդ որում կառավարության ղեկավարին այդ առումով առաջին անգամ գերազանցեց նախագահը։ Այսպես, Սարգսյանի նկատմամբ վստահություն է արտահայտել հարցվածների 81%-ը, իսկ Փաշինյանի նկատմամբ՝ 72%-ը։ Սարգսյանին չի վստահում 13%-ը, իսկ Փաշինյանին՝ 24%-ը։ Նոյեմբերին անցկացված նախորդ հետազոտության համեմատ, վարչապետի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է 13%-ով։

Բնականաբար, անձնական վարկանիշի անկման այդպիսի միտումները Փաշինյանին չեն գոհացնում։ Իրավիճակն արդեն դժվար է փոփոխել ավելի լավ կյանքի հեռանկարների սովորական խոստումներ տալով հասարակայնությանը։ Այստեղ կոնկրետություն է անհրաժեշտ։ Իսկ քանի որ կենսաթոշակների հարցը ամենից արդիականներից մեկն է երկրի սոցիալական օրակարգում, ապա բնական է, որ կառավարության ու դրա ղեկավարի ուշադրությունը գամված է հենց այդ պահանջված թեմային։

Մեծ հաշվով, միջին վիճակագրական թոշակառուի համար կարևոր չէ, թե ինչի համար է բարձրանում իր կենսաթոշակը։ Գլխավորը՝ դա բարձրանում է, և եթե աճի նաև վարչապետի վարկանիշը, ապա թող աճի, ուրեմն Փաշինյանն իսկապես արժանի է մեծ վստահության։ Բայց ողջ խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած են ոչ միայն կենսաթոշակային խնդիրներ։

Հարցն այն է, որ տնտեսությունն ինքը պետք է պատրաստ լինի կենսաթոշակների աճին։ Այդ պատրաստականության վերաբերյալ հիմնավորված կանխատեսումները, մանրակրկիտ ծրագրերը, նույն այդ ճանապարհային քարտեզը բացակայում են։ Առկա է միայն կենսաթոշակները և, համապատասխանաբար՝ կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու պատրաստակամություն։ Հնարավոր է, որ արդյունքում հաջողվի դա անել, 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, նույնքան էլ կարող է բարձրանալ Փաշինյանի վարկանիշը։ Բայց թե ինչ կնստի դա երկրի տնտեսության վրա, ասելը բարդ է։ Ոչ բյուջեի։ Այդ առումով ամեն ինչ հայտնի է. 25 միլիարդ։ Այլ հենց երկրի տնտեսության, որը պետք է իրեն պատռելով ապահովի 25 միլիարդ։ Որտեղի՞ց։

Основная тема:
Теги: