«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեկնարկում է #AraratChallenge շարժումը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր՝ 2019թ. հուլիսի 19-ին, սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը և նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի և չքավորության մեջ գտնվող մարդկանց: Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:

«Յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության, և #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝ օգնելու մեզ այդ հնարավորությունը տալու ծայրահեղ կարիքի մեջ հայտնվածներին ամբողջ աշխարհում: Ես և շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիվ, որ հարյուր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են մարդիկ բռնության, պատերազմների և ցեղասպանությունների զոհ դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Զարհուրելի այդ վայրագությունների առաջին զոհերն ամենից հաճախ երեխաներն են: Եվ եթե հարյուր տարի առաջ մենք էինք օգնություն խնդրողները, այժմ մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակվել աշխարհն ավելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացեք #AraratChallenge-ին և գործով արտահայտեք ձեր երախտագիտությունը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրա, ըստ առասպելի, իջևանեց Նոյյան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկությանն ընձեռված երկրորդ հնարավորությունը: Ինչպես գիտենք, մեկ դար առաջ երկրորդ հնարավորություն տրվեց մեր նախնիներին՝ փրկվելու և վերապրելու Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ մարդիկ, նրանց թվում նաև իմ պապը, իրենց կյանքով պարտական են այլոց մեծահոգությանը: Հարյուր տարի անց Ցեղասպանությունը վերապրածների անունից մենք հիմնեցինք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Եվ մեր հանձնառությունն է երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մեջ են: #Ararat Challenge-ը բացառիկ հնարավորություն է՝ միասին շարունակելու «Երախտագիտությունն՝ ի գործ» նախագծերի շղթան»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Հաղորդման մեջ նշվում է, որ տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

#AraratChallenge-ը բաց է բոլորի համար: Շարժմանը միանալու համար կարելի է անցնել այս հղումով։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ և համախմբելու է բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան, Հայաստան), տեղեկացնում է arka.am: