Ալումյան․ Առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեջբերեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից 1993–ի փետրվարի 8–ին արձակված՝ զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին հրամանագրից հատվածներ։

Առաջին նախագահը հրամանագրի կատարման պարտականությունը դրել էր ներքին զորքերի, Ազգային անվտանգության պետական վարչության և պաշտպանության նախարարության վրա։

Ալումյանի խոսքով՝ նախագահի այս համաձայնագիրը գործել է 1996–ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ մայրաքաղաքի փողոցներում տանկեր էին տեղակայված։

«Որոշակի տարբերություն կա 1996–ին և 2008–ին զորքերի օգտագործման միջև։ 1996–ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008–ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,–ասաց նա։

Ալումյանը հիշեցրեց, որ 1996–ի հոկտեմբերի 2–ին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ամփոփում էին ցույցերը ցրելու գործողությունները, Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ հայկական բանակը առաջին անգամ մտավ մայրաքաղաք, իսկ զորքերի հետևից՝ ներքին զորքերի ծառայողները։

«Միշտ հիշեք, որ առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան 1996–ին, երբ որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից մայրաքաղաքում ցույցերը ճնշվում էին»,–հայտարարեց Ալումյանը, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: