Հին հռոմեական խճանկարների ցուցադրություն - ՀՀ Նախագահի նստավայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:

Բացման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա չէին, նրանց ողջյունի խոսքը փոխանցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: «Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հին Հռոմի գունեղ տեսիլները Խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այդ հոյակապ հավաքածուից մի քանի խճանկարներ բացառիկ կարգով ցուցադրվելու են մեզ մոտ: Նախագահը ցանկանում է ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին բազմազան ու հարուստ կապեր և, ինչու չէ, նաև ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,- նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի խոսքով` համատեղ ջանքերը միտված են ավելի խթանելու երկկողմ օրակարգը, հատկապես, մշակույթի ու արվեստի ոլորտներում: «Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու բարձրագույն իշխանության՝ նախագահի ու կառավարության մշակութային քաղաքականության մեջ՝ նախագահականի սրտում ցուցադրելով այս հռոմեական խճանկարները: Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, մշակույթը մեր ԴՆԹ-ի մեջ է»,- նշել է Իտալիայի դեսպանը:

Իտալիայից Կապիտոլյան թանգարանների խճանկարների փոխադրումն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Լորան նշեց, որ առաջիկայում իմ գործունեությունը նվիրելու է Իտալիայում այնպիսի ցուցադրությունների կազմակերպմանը, որոնք իտալացի հանրությանը կներկայացնեն հայկական գլուխգործոցների գոնե մի փոքր մասը, որի հետ հասցրել է ծանոթանալ այստեղ գտնվելու ընթացքում:

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:

Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: