Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:

Ինչպես նշվում է ԱԱԾ-ի facebook-այն էջում, նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

Նա նշել է նաև, որ այս որոշումը կայացրել էնույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեց ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։

«Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ», - հայտարարել է Արթուր Վանեցյանը: