ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵՑ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկվա քաղաքական խաղանիշը՝ իրավիճակի հետագա զարգացման բոլոր հնարավոր սցենարներով, անկասկած, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն էր։ Նույնիսկ ոչ այնքան հրաժարականը, որքան հայտարարությունը, որով նա հանդես եկավ, պազաբանելով իր հեռանալու պատճառները. առանց «առողջական վիճակի պատճառով», «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» և այլ ճղճիմ պատճառաբանությունների։

«Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը,- ասվում է Վանեցյանի հայտարարության տեքստում։- …Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը …»։

Այսչափ բարձրահունչ և բոլոր առումներով տագնապալի հայտարարությունից հետո (եթե նկատի ունենանք, որ դրանք հնչեցնող մարդը, թերևս, ամենատեղեկացվածն է երկրի համար ներքին և արտաքին սպառնալիքների առումով) քաղաքագետները, փորձագետները, հասարակայնությունը սկսեցին բոլոր տեսանկյուններից քննարկել, վերլուծել ԱԱԾ արդեն նախկին ղեկավարի թեզիսները, իսկ ըստ էության՝ մեղադրանքները իշխանությունների հասցեին։ «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճը»՝ հավելած «ստեղծված իրավիճակի» վերաբերյալ տագնապալի ուղերձն ու «գալիք զարգացումների» մասին է՛լ ավելի տագնապալի մեսիջը, մի մարդու շուրթերից, որը, կրկնում ենք, ամենատեղեկացվածն է երկրում, հնչում է գրեթե որպես պետական կառավարման համակարգի փլուզման փաստացի խոստովանություն, ինչը հասարակության խորացող ներքին երկփեղկման և մշտական արտաքին սպառնալիքների խորապատկերին հղի է Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Մի խոսքով, իշխանությանը և անձամբ վարչապետին հասցեագրված «սթափեցնող ազդանշանը» («Կա՛նգ առ») հասարակայնության կողմից ընդունվեց ի գիտություն, բուռն քննարկումների առիթ դառնալով ԶԼՄ-ներում և սոցցանցերում։ Մինչդեռ պաշտոնական ներկայացուցիչների արձագանքը ոչ թե պարզապես անհամարժեք էր, այլ տխմար ու անհեթեթ։

« Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում։ Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն…»,- հայտարարեց, մասնավորապես, վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Ներեցե՛ք, ի՞նչ է նշանակում՝ «պետք է պարզել, թե ով է գրել Վանեցյանին վերագրվող տեքստը»։ Ի՞նչ PR գրասենյակների, գրողը տանի, ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը։ Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, չգտնելով ավելի լավ բան, քան խղճուկ թոթովանքը հետհեղափոխական իշխանության կողմից արդեն ծամծմված ու ծալծլված երկու խաղաքարտերով, որոնք այն սովոր է օգտագործել տեղին ու անտեղի։ «Ֆեյք» և «կոռուպցիա». մոգական մանտրաներ, որոնք զոմբիացված ուղեղների վրա ներազդում են թմրանյութի պես։ Բավական է արտաբերել դրանք, որպեսզի ցանկացած իրադրություն, ցանկացած լուրջ հայտարարություն վերածվի կրկեսի։

Ընդ որում վարչապետի մամլո քարտուղարը, դատելով ամենից, նույնիսկ նեղություն չի կրել մտնել ԱԱԾ պաշտոնական կայք, որպեսզի կարդա Վանեցյանի հայտարարության տեքստի բնօրինակը։ Իսկ գուցե այդ կայքն է՞լ է նա «ֆեյք» համարում։ Թե՞ Կարապետյանը հաստատում է, որ հրապարակային ուղերձները հատուկ ծառայության ղեկավարի համար գրում են ինչ-որ կոռումպացված PR գրասենյակներ։ Այսինքն «հակաները», քանզի այս երկու հասկացությունները իշխանությունն ավելի քան մեկ տարի նույնացնում է։

Իսկ այ, ինչ վերաբերում է «սպայի արժանապատվությանը», որը Վանեցյանին հորդորում է չկորցնել Վլադիմիր Կարապետյանը, ապա տեսեք ո՜վ է խոսում այդ մասին… Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն ու ամենամերձավոր զինակիցը, հհշական ռեժիմի առավել երդվյալ կողմնակիցներից մեկը, լևոնական Կոնգրեսի արտաքին քաղաքականության համար նախկին պատասխանատուն, որը ԱԳՆ մամլո քարտուղար եղած ժամանակ 2008 թվականի փետրվարին ստորագրողներից մեկն էր այն նամակի տակ, որ նախարարության մի շարք աշխատակիցներ գրել էին ի աջակցություն Տեր-Պետրոսյանի, ինչի արդյունքում էլ գործընկերների հետ հեռացվեց աշխատանքից «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտելու համար… Իսկ հետո ԱԳՆ վերադառնալու համար արեց ամեն ինչ, ընդհուպ մինչև փաստացի հրաժարում սեփական դիրքորոշումներից։ Սակայն դատարանը հրաժարվեց պաշտոնում վերականգնել նրան և մյուս ստորագրյալներին։

Ինչպես ասում են՝ ով խոսի՝ խոսի, դու գոնե լռիր։ Ու թեև այսօր վաղուց խորշելի դարձած այդ գործիչը զբաղեցնում է վարչապետի խոսնակի բարձր պաշտոնը, նրա վարքուբարքը և աշխատանքի ոճը ոչ մի ընդհանուր բան չունեն պատասխանատու լիազորություններով օժտված պետական գործչի իմիջի հետ։ Կարապետյանի համարյա յուրաքանչյուր հատարարություն հասարակության մեջ առաջացնում է, մեղմ ասած, տարակուսանք, ծաղր ու դառը հեգնանք, որոնք ինքնաբերաբար տարածվում են նաև վարչապետի վրա։ Տվյալ դեպքում, հանդես գալով այնպիսի լուրջ հարցի առնչությամբ, ինչպիսին երկրի հատուկ ծառայության ղեկավարի հրաժարականն է, նա չի բարեհաճել նույնիսկ ԱԱԾ պաշտոնական կայք մտնել, որպեսզի հասկանա, թե ինչն ինչոց է։ Որպեսզի չխայտառակվի։ Որպեսզի «սթափվի»։ Որպեսզի լրջագույն իրավիճակը չվերածի կրկեսի, իսկ իրեն՝ գլխավոր ծաղրածուի։