ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԻ» ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին արձանագրվել են արջերի՝ ֆերմերային տնտեսություններ ներխուժելու բազմաթիվ դեպքեր: Բերքի կորուստ են ունեցել տարբեր համայնքներ: Խնդրի լուծումը պահանջել է հավասարակշռված մոտեցում. կանխել վայրի կենդանիների մուտքը՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը:

Մարզային կառույցներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել արդեն 15 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարևոր և լուրջ ծրագրեր ծավալող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իրականացվել է ժամանակակից համակարգերի՝ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր:

Վայոց ձորի մարզի 5 համայնքում կենդանիների հարձակմանը ենթարկվող տարածքներն այսուհետ կհսկվեն ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող «էլեկտրական հովիվներով»: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքները ստացել են երկուական համակարգ: Առաջին ցանկապատը հավաքվել է Գնիշիկի տարածքում:

«Գիտեմ, որ հրաշալի հասկանում եք բնության լեզուն, և ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքն էլ մեծամասամբ կախված է բնությունից: Շատ կարևոր է առանց կենդանուն վնասելու բերք պահելը: Մեր տրամադրած էլեկտրական «հովիվները» ձեր համայնքի բնակիչներին կօգնեն այդ հարցում: Բոլորիս նպատակը բնության հետ ներդաշնակ ապրելը պետք է լինի: Հակառակ դեպքում՝ վնաս է կրելու թե՛ բնությունը, և թե՛ մարդը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Էլեկտրական հովիվները» հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Նվիրաբերված համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել 7500 քմ տարածք և ապամոնտաժվում են՝ կարճ ժամանակահատվածում:

«Առաջին համակարգը գործարկում ենք այս մարզում, որովհետև այն ամենախոցելին է հանրապետությունում: Յուրաքանչյուր համակարգ թույլ կտա ցանկապատել 0.75 հա տարածք: Հետագայում կարող ենք ընդլայնել այս նախագիծը, քանի որ մարդ-վայրի կենդանի հակասության լուծման լավագույն տարբերակն առաջարկում են նոր տեխնոլոգիաները: Տարիներ շարունակ, մեր գլխավոր գործընկեր կազմակերպության հետ իրականացրել ենք բնապահպանական կարևոր ծրագրեր և շարունակում ենք դրանք»,- նշել է է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի՝ ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլ ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող և ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից:

Галерея (6 фото)

Основная тема:
Теги: