Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՅԴՊԻՍՈՎ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԻ ՀԱՆԴԵՊ

2-րդ նախագահի կալանավորման ամեն մի օրն ապօրինի էր, և կարող ենք փաստել, որ Վերաքննիչ դատարանն արդար որոշում է կայացրել։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի, «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Ամբողջ այս ընթացքում դատախազությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է նախագահ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Ինչ վերաբերում է գրավին, այն տարօրինակ կերպով մեծ էր, մեր պամության մեջ նախադեպը չունեցող։ Բայց դա էլ է անցյալում», ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը։

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ երբ գրավի գումարը հայտարարվեց, հայտնի կենտրոնից նորից հսկայական հարստության մասին առասպելները սկսեցին շրջանառել

«Գործարարները, որոնք փոխանցել էին գումարը, դրանով ասում էին, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք Մարտի 1-ի գործի հանդեպ։ Չեմ կարող չնշել այն մարդկանց ներդրումը, որն ի դեպ շատ պարտավորեցնող վերաբերմունք էր, աջակիցների կողմից, անծանոթ մարդկանց կողմից, նախագահ Քոչարյանի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում բոլորին»։

Մեկնաբանի այն հիշեցմանը, թե եղել են հրապարակումներ, որոնք համեմատելով մատնանշել են, որ այս իշխանությանը չհաջողվեց այդքան ներդրում բերել, սակայն նախկին նախագահի համար 24 ժամում խոշոր գումար հավաքվեց, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ եթե իրավունք ունենար այդ գործարարների փոխարեն խոսել՝ շատ բան կասեր, բայց հակված չէ քաղաքականացնել

«Պարզապես ասում եմ, որ այդ մարդկանց քայլն ինձ համար նշանակում է, թե մարդիկ լիարժեք հասկանում են, թե սա ինչ գործ է և որքանով կապ ունի նախագահ Քոչարյանի հետ։ Վերցնենք այս գործի սկզբնակետն ու այսօրվա կետը սկզբում լկտի քարոզչություն էր երկրորդ նախագահի դեմ, մարդասպան, հանցագործ և այլն։ Այնպիսի հակաքարոզչություն էր տարվում, որ դատարանի առջև միայն լրագրողներն էին, մարդիկ կարծես ուզում էին հեռու մնալ այդ պատմությունից։ Իսկ հիմա՝ նախագահի ազատության մեջ հայտնվելուց առաջին պահից կա ոգևորվածություն, հանգիստ վերաբերմունք, նրա մեկ նկարը այնպիսի ոգևորություն առաջացրեց, որ առաջ պատկերացնել հնարավոր չէր։ Իշխանությունը չարողացավ հիմք ստեղծել նոր հակաքարոզչության համար։ Հիմա առանձնապես դիմադրություն չկա։ Այս երկու կետերը տարբեր աշխարհներ են։ Երբ մարդիկ չգիտեին, թե ինչ է կատարվել, նրանց շատ հեշտ էր ուղղորդել։ Իսկ երկու տարվա ընթացքում հսկայական գործընթաց է տեղի ունեցել։ Դատավարությանը զուգահեռ մեծ ճանապարհի հանգրվաններից են ստորագրահավաքը, հայտնի դեմքերի հայտարարությունը, մարդկանց աջակցությունը, կոչերը։ Նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարը, մեր բանաձևի համաձայն, մեկ մարդու համար պայքար չէր։ Տեսեք՝ հիմա ինչ է կատարվում, ԲՀԿ-ի դեմ, ՍԴ-ի դեմ սանձազերծված արշավը։ Մարդիկ պետք է իմանան, որ լուռ դիտորդ մնալու դեպքում՝ այդ ուղտը իրենց դռանն էլ է չոքելու», ասել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը մեռելածին էր և այն քանդվելու էր

«Դուք տեսաք և ՄԻԵԴ-ի, և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները․․․ Այդ գործը ջախջախվելու էր, այն կապ չունի սպանությունների հետ, ի՞նչ գործ ունեին տուժողները դատարանում՝ հասկանալի չդարձավ այդպես էլ»։

Նրա խոսքով՝ ցանկացած իշխանություն հասարակությանը պտք է ուղենիշներ տա, դրանք պետք է հիմնված լինեն որոշակի արժեքների վրա։

«Իսկ այս իշխանությունն ասում է՝ սրան-նրան կնստեցնենք, կբերի փողերը կտա։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ տան, բա դուք ինչ եք անելու։ Ձեր աշխատանքը որն է։ Դա հասարակությանը զարգացման տանող ճանապարհ չէ, դա ծեծողների ու ծեծվողների, նստեցնողների ու նստողների հասարակություն է։ Ես մի պահ ծիծաղում էի, երբ այսօր լսում էի, թե ինչպես են ԱԺ-ում հայտարարում՝ մենք ուզում ենք ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։ Երբ որևէ համայնքում որևէ բան պետք է կառուցեն, ցանկապատում են, հետո ամիսներով ու տարիներով քննարկում ու այդպես էլ ոչինչ չեն կառուցում, իսկ հիմա մեկ հանրաքվե էին անում, հետո շատ հեշտ հրաժարվեցին դրանից, հիմա էլ երեք ժամում այդպիսի ճակատագրական հարցի են լուծում տալիս», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

News.am