Արամ Օրբելյանը.ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Դատական գործընթացը ձգձգելու խնդիր չունենք։ Ավելին ես չտեսա, որ ինչ-որ մեկը հայտարարություն աներ ձգձգելու մասին, երբ պարոն Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում էր, ու մոտ երկու ամիս նիստ տեղի չէր ունենում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը։

Փաստաբանն ասաց, գործընթացը գնում է իր հունով, այն բարդ ու հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ուզենք, թե չուզենք, երկար է տևելու։

«Առաջ գնալով ասեմ, եթե դատախազությունը դատակոչի ցուցակում ներառել է 850 վկա, ապա պետք է քննարկել, թե ով է ձգձգում այս գործընթացը»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ պետական մարմինները զերծ կմնան որոշակի ենթամշակույթներին հարիր արգումենտացիա քննարկելուց։

Փաստաբանը դատախազությունից ակնկալում է բացառապես իրավաչափ կամ ոչ իրավաչափ գործընթաց, ընդ որում ոչ իրավաչափ այն պարագայում, երբ դա կհաստատվի համապատասխան իրավական որոշումներով, այդ թվում և դատական ակտով։

Օրբելյանը քաղաքական, հասարակական գործիչներից, ակտիվ օգտատերերից դատական գործընթացի ձգձգման մասին քննարկումներ ակնկալում է նաև այն դեպքում, երբ նման բան տեղի է ունենում այլ մասնակիցների, այդ թվում՝ դատավորի կողմից։ Նրա խոսքով, դատախազները կարող են խնդրել դատարանին չքննել իրենց միջնորդությունները։

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորենք, հիմա նա ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Քանի անգամ պետք լինի, ինչքան օրենքը մեզ թույլ կտա, միջնորդություն ներկայացնելու ենք։ Սա չպետք է դիտարկել ձգձգելու լույսի ներքո։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր գործողությունները, խափանման միջոցի հարցը վերջնական լուծելու համար։ Մենք ունենք երկու սկզբունքային հարց՝ խափանման միջոցի ու մասնակիցների շրջանակի վերաբերյալ, վերջինը ներառում է ինքնաբացարկներ, բացարկներ։ Դրանք այս փուլի խնդիրներ են, ես չեմ կարող սրանց այլ փուլում անդրադառնալ, մեզ հետո կասեն այդ փուլը բաց եք թողել»,-մանրամասնեց Օրբելյանը։

Նա նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի պահանջով, խնդրանքով դատական նիստերը հետաձգվել են երկու անգամ, քանի որ նա եղել է հիվանդանոցում։ Հորդորեց՝ Ռոբերտ Քոչարյանին չնույնացնել դատական պրոցեսի այլ մասնակիցների հետ։

«Դատավորն էր որոշել գնալ վիրահատության, մենք ասում ենք՝ անհապաղ քննության հարց կա, վերամակագրեք ուրիշ դատավորին, մեզ ասում են՝ սպասեք, դատավորը կգա կորոշի, պե՞տք է վերամակագրել։ Դե եթե դատավորը վերադառնա, արդեն ինքը կքննարկի խափանման միջոցի հարցը, էլ ինչո՞ւ է վերամակագրում։ Ձգձգելու վերաբերյալ քննարկումն առարկայազուրկ է։ Թող բոլորին պարզ լինի, ձեռնարկելու ենք մեզնից հասնող, իրավունքից տրվող իրավաչափ բոլոր գործիքները, որպեսզի պարոն Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորենք, որը խաթարվել է ապօրինաբար»,- ասաց փաստաբանը։

Panorama.am