Արթուր Վանեցյանն ու Դաշնակցությունը կրկին քննադատել են իշխանություններին

Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները Սահմանադրության օրվա կապակցությամբ արված իրենց հայտարարություններում քննադատության են ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել է, որ անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել: Նա նաև անթույլատրելի է համարել հիմնական օրենքի ոտնահարումն ու խախտումը։

«Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին», – ասված է Վանեցյանի հայտարարության մեջ:

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։

Իր հերթին ՀՅԴ Գերագույն մարմինն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Սահմանադրության առկայությունն ինքնին չի կարող երաշխիք լինել, երբ այն չի արժևորվում, երբ, շահարկելով ժողովրդի անունը, Սահմանադրությունը մեկնաբանվում և կիրառվում է նեղ անձնական ու քաղաքական շահախնդրությամբ՝ անտեսելով հանրային և ազգային-պետական շահը:

«Ցավոք, տևական ժամանակ է՝ օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է հենց այս վարքագիծը՝ պառակտելով հասարակությունը, կազմալուծելով սահմանադրական ինստիտուտները, թուլացնելով պետության դիմադրողականությունը, ձևավորելով անվստահություն ապագայի հանդեպ՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ», – ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Սրանով Դաշնակցությունը վերահաստատեց նաև իր հանձնառությունը՝ համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության և բնականոն զարգացման ազգային-պետական ուղեգիծ: