ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԻ ԳՈՐԾՈՆԸ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերն այս տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել են 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ մուտքով, երրորդ տեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամ: Դրանց հաջորդում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը»՝ ավելի քան 12 մլրդ 771 մլն դրամ մուտքով, հնգյակը եզրափակում է «Սիփիէս Օյլ»-ը՝ 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ մուտքով։ Խոշորագույն հարկատուների տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ֆլեշ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»,«Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այս անգամ խոշորագույնների ցանկի նկատմամբ ուշադրությունն առանձնահատուկ է։ Եվ դա հասկանալի է։ Ներկայումս ճգնաժամ է, այն չի կարող բացասաբար չանդրադառնալ բիզնեսի, առավելևս խոշոր ընկերությունների գործունեության վրա, և դա իր հերթին պետք է մինուսներով արտահայտվի հարկային մուտքերի մասով։ Հարցը լոկ այդ մինուսների ծավալներն են։ Եվ դա, առաջին հայացքից, խոշորագույնների ցանկի ներկայիս հրապարակման հիմնական ինտրիգն է։ Թեպետ, այստեղ կան նաև այլ, ոչ պակաս հետաքրքիր առանձնահատկություններ։ Բայց դրանց մասին՝ ավելի ուշ։ Իսկ մինչ այդ խոսենք 1000 խոշորագույններից գանձարանի ստացած մուտքերի մինուսների մասին։

Նախևառաջ տեսնենք, թե ինչպես են ընթանում առաջին հինգ ընկերությունների գործերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ահա ուրեմն, անմիջապես աչքի է զարնվում, որ առաջատարի նշաձողն իջել է։ Եթե նախորդ տարվա ցանկում առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը վճարել էր ավելի քան 29,5 մլրդ դրամ, ապա այս տարի ցանկը գլխավորելու համար «Գրանդ Տոբակոյից» պահանջվել է 3 միլիարդով ավելի քիչ գումար (26,3 մլրդ)։ Պատկերավոր ասած՝ խոշորները մանրանում են։

Նշենք, որ առաջին հնգյակում ընկերությունների մի մասն ավելացրել է վճարումները, իսկ մյուսը՝ կրճատել։ Օրինակ, անցած տարվա համեմատ «Գրանդ Տոբակոն» ավելի քիչ հարկ է վճարել, իսկ «Գազպրոմ Արմենիան»՝ ավելի շատ, ԶՊՄԿ-ն՝ ավելի քիչ, իսկ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդն» ու «Սիփիէս Օյլը»՝ ավելի շատ։

Իսկ ինչ վերաբերում է գումարային ցուցանիշներին, ապա այս տարի խոշորագույն 1000 ընկերությունները բյուջե են վճարել 3,7%-ով ավելի քիչ գումար, քան նախորդ տարի։ Մոտ 18 միլիարդով ավելի քիչ։ Եվ ահա այստեղ կարելի է նկատել մի շատ հետաքրքիր նրբերանգ։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի կողմից քիչ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն ընդհանուր առմամբ նվազել են 17,6 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ։ Ըստ էության, գրեթե նույնքան, որքան նվազել են խոշորներից ստացվող մուտքերը։ Իսկ դա նշանակում է, որ գանձարանի հարկային եկամուտների ոլորտում աճը կամ անկումը կախված է բացառապես այդ հազար խոշորներից։ Մնացածը, փաստորեն, խաղից դուրս են։ Իսկ դա փոքր ու միջին բիզնեսն է, և տնտեսվարող այդպիսի սուբյեկտների թիվը երկրում հարյուր հազարից ավելի է։ Թեպետ, այս բնութագրիչը (տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր թիվը) ճշգրտման կարիք ունի։ Ուստի հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ ՀՀ կառավարության ղեկավարը հասարակայնությանը ներկայացրեց հերթական բարի լուրը։ Նա հայտնեց, որ ակտիվորեն հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների թիվը 2019 թվականի հուլիսի դրությամբ աճել է 24 հազարով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ հավելեց, որ անցած տարվա հուլիսին գրանցվել է 96 հազար ակտիվ տնտեսվարող սուբյեկտ։

Այսպիսով, վերադառնալով այս տարվա ցուցանիշներին, նշենք, որ դեռևս անցած տարի ակտիվորեն հարկ վճարող մոտ 130 հազար տնտեսվարող սուբյեկտներից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գանձարանի հարկային եկամուտների վրա ազդել են (բացասաբար) ընդամենը 1000 խոշորագույնները: Ստացվում է, թե մնացած բոլորին ճգնաժամը չի՞ հարվածել։ Իրականում հարվածել է, այն էլ ինչպես։ Բավական է անդրադառնալ կրկին իսկ պաշտոնական վիճակագրությանը, համաձայն որի՝ լուրջ անկում է արձանագրվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու սպասարկման ոլորտը։ Մինչդեռ հենց այդ ոլորտներում է հիմնականում գործունեություն ծավալում փոքր ու միջին բիզնեսը։

Ավելին, դարձյալ օգտվելով հարկային վիճակագրությունից, դժվար չէ հաշվարկել, թե որքան հարկ չի ստացել գանձարանը այսպես կոչված «մնացած բոլորից» (բացառությամբ 1000 խոշորների): Ահա ուրեմն, այս տարի (կիսամյակի ընթացքում) հավաքվել է ընդհանուր առմամբ 680 միլիարդի հարկ, իսկ 492 միլիարդն ապահովել են խոշորները։ Այսինքն մյուսները վճարել են 188 միլիարդ։ Անցած տարի (առաջին կիսամյակի արդյունքներով) հավաքվել է 712 միլիարդի հարկ, որից 511միլիարդը վճարել են 1000 խոշորները: Այսինքն մյուսների բաժինը կազմել է 201 միլիարդ։

Ահա և ստացվում է, որ այդ «մնացած բոլորը» այս տարի վճարել են 13 միլիարդով ավելի քիչ հարկեր, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Իսկ դա տնտեսական ռիսկերի առկայության շատ ավելի տագնապահարույց ազդանշան է, քան 1000 խոշորներից ստացված մուտքերի կրճատումը։ Նրանք՝ խոշորները, արագ են վերականգնվում։ Իսկ այ մնացյալ բոլորը շատ ավելի ցավոտ են վերապրում ճգնաժամը և շատ ավելի դժվարությամբ վերականգնվում, եթե ընդհանրապես վերականգնվում են…

Դե, և իհարկե, այս համատեքստում դժվար է ուշադրությունից դուրս թողնել հերթական մաթեմատիկական հանելուկը, որով պարբերաբար շռայլորեն զվարճացնում է հասարակայնությանը գործող կառավարության վիճակագրությունը. եթե գրեթե 18 միլիարդով ավելի քիչ հարկ են վճարել 1000 խոշորները, ևս 13 միլիարդով պակաս հարկ է գանձարան մտել մյուս բոլորի կողմից, ապա ինչպե՞ս է ստացվել, որ հավաքված հարկերի ընդհանուր գումարը նվազել է ոչ թե 31 միլիարդով, այլ 17,6 միլիարդով։

Основная тема:
Теги: