Փաշինյան. Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Սգում եմ բոլոր զոհերի մահը և ցավակցում զոհերի հարազատներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու զորակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Իր զորակցությունն է հայտնել Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա մի քանի հայի տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։