«Կալաշնիկովի» արտադրամասն արդեն 1000 ինքնաձիգ է արտադրել
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ընդամենը մեկ ամիս անց արդեն իսկ առաջին խմբաքանակը` 1000 հատ ինքնաձիգ, պատրաստ է տրամադրել ՀՀ զինված ուժերին։
Այսօր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցելել է արտադրամաս։
«Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից էլ տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար»,–ասել է Դավթյանը։
Նրա խոսքով` զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է, և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու զինված ուժերին։
Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգներն անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։
Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։